Ռաֆիկ Պետրոսյանը՝ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների մասին. Նախաքննությունը կպարզի նաև մյուսների մեղքը և նրանց պրովոկացիոն վարքագիծը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը խոսեցին մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին:
Ս. Գիմիշյանի կարծիքով՝ ցանկացած կրակոց քրեական հանցագործություն է, ուստի այդ դեպքերին վերաբերում է որպես քրեորեն պատժելի արարքի: «Կարող է կրակոցը քաղաքական ենթատեքստ ունենալ, կարող է տնտեսական, բայց դրա էությունը չի փոխվում»,- ասաց նա:
Իսկ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանն էլ ասաց, թե գործը գտնվում է նախաքննության փուլում և այսօր վերջնական որակումներ տալ հնարավոր չէ. «Ըստ մամուլի և ըստ որոշ վկանների, հարևանների, որոնց պատահական հանդիպել եմ, այդ մարդիկ հրահրել են կրակողին, երեխայի և կնոջ ներկայությամբ անպատվել են, ցանկացել են ծեծել, չհանելով իրենց մեքենան, որը խանգարում էր կրակողի մեքենային: Նա էլ կրակել է: Իհարկե, դա հակաօրինական, Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, բայց նախաքննությունը կպարզի նաև մյուսների մեղքը և նրանց պրովոկացիոն վարքագիծը ու նրանց նույնպես քրեական պատասխանատվության կենթարկի»: