«Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթ Աստանայում չի լինի». «Ազատություն»
Ամենայն հավանականությամբ, Մաքսային միության կամ, ավելի ճիշտ, Եվրասիական միության՝ մայիսի վերջին Աստանայում կայանալիք գագաթնաժողովին Հայաստանը չի ստորագրի միությանը միանալու մասին փաստաթուղթ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասում է ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը:
Նա հավելում է, որ Հայաստանի նախագահը հավանաբար կմասնակցի այդ հավաքին, հնարավոր է, որ նույնիսկ որևէ բան չնշանակող մի փաստաթուղթ ստորագրվի, գեղեցիկ հայտարարություններ արվեն, սակայն Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթ Աստանայում չի լինի:
Ուկրաինական զարգացումների ֆոնին Հայաստանի անդամակցության հարցում որոշակի դադար է, զարգացումները Ուկրաինայում ընդհանրապես ի հայտ են բերել լուրջ տարաձայնություններ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, նշում է ռուսաստանցի փորձագետը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Դուբնովի, թեև Մոսկվան ստիպել է անդամակցել միությանը, սակայն տեղ («նիշա») Հայաստանի համար այս պահին դեռ ստեղծված չէ:
Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, իրավիճակն այնպիսին է, որ ռուս – ուկրաինական զարգացումների ֆոնին հիմնադիր մյուս երկու պետությունները՝ Ղազախստանը և Բելառուսը չեն շտապում Եվրասիական միությունը դարձնել քաղաքական ծրագիր, դիտարկում են այն զուտ որպես տնտեսական միություն և օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից՝ ցանկանում են հնարավոր առավելագույնը ստանալ Մոսկվայից, ինչը կարծես թե ստացվում է:
«Հայաստանի անդամակցությունը պետք չէ ոչ Մինսկին, ոչ էլ Աստանային, ինչ-որ վիրտուալ ծրագրի համար ոչ Լուկաշենկոն, ոչ էլ Նազարբաևը չեն ուզում փչացնել իրենց հարաբերությունները պաշտոնական Բաքվի հետ, և արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը կարող է մի քանի ամիս գոնե հանգիստ շունչ քաշել, գոնե չշտապել միանալ այս Եվրասիական միությանը», – ասում է վերլուծաբանը:
Ռուսաստանցի փորձագետը, միաժամանակ, համոզված է, որ այդ դադարը երկար չի տևի, և Մոսկվան չի հրաժարվելու ոչ եվրասիական իր մեծ նախագծից, ոչ էլ այդ միությունը ընդլայնելու ծրագրերից, այսինքն՝ և՛ Հայաստանը, և՛ Ղրղըզստանը այսպես թե այնպես դառնալու են այս միության անդամ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: