Գյումրիում բացվել է գերժամանակակից համակարգչային լսարան

Գյումրու «Ֆոտոն» վարժարանում այսօր Samsung ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, ներդրել է Smart School (խելացի դասասենյակ) ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտերակտիվ կապ` ուսուցչի և աշակերտի միջև: Միջոցառմանը ներկա նախարար Արմեն Աշոտյանը և Samsung Electronics ընկերության ներկայացուցիչները մասնակցել են դասասենյակի բացմանը, ծանոթացել ծրագրի մանրամասներին, զրուցել աշակերտների հետ: Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Samsung Electronics ընկերությանը նվիրատվության համար` նշելով.

«Սա համաշխարհային լավագույն և ամենաժամանակակից կրթական տեխնոլոգիան է, որն այսօր հասանելի է ընդհանրապես որևէ դպրոցում: Ուրախալի է, որ Հայաստանում առաջին գերժամանակակից համակարգչային լսարանը բացվեց հենց Գյումրիում և հանրապետության լավագույն դպրոցներից մեկում:

Մենք կարևորում ենք գերժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացումը և կիրառումը կրթության մեջ: Այն է` անհատական մոտեցումից մինչև ինտերակտիվ, պարապմունքային ձևեր երեխայի մոտ խթանել կրթության հանդեպ ցանկությունը, հետևել յուրաքանչյուրի առաջադիմությանը, վերլուծել թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև միանգամից ստանալ գնահատական: Իհարկե, հաճելի և հետաքրքիր է նման լսարաններում անցկացնել դասը, և ես հույս ունեմ, որ Samsung-ի հետ մեր համատեղ գործունեությունն այս ծրագրով միայն մեկնարկում է: Նշեմ, որ մեր բուհերն անգամ չունեն նմանատիպ լսարաններ. հաջորդ նմանատիպ դասասենյակը կբացվի ԵՊՀ-ում, հետո մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում` գուցե մյուս ուսհաստատություններում ևս: Ասել, որ պետության միջոցով կարելի է գնել նմանատիպ դասասենյակ, դեռ վաղ է, իսկ նվեր ստանալ` մեծ հաճույքով:

Համոզված եմ, որ «Ֆոտոնի» սաները, ովքեր տարիներ շարունակ միջազգային և հանրապետական օլիմպիադաներում համարվել են մեդալակիրներ, այս ծրագրի շնորհիվ ավելի մեծ պատիվ կբերեն իրենց դպրոցին և իրենց հաջողությունները կգրանցեն մեր ընդհանուր հաջողությունների գրքում` որպես տեխնիկական կրթության առաջընթացի դրսևորումներից մեկը»,-նշել է նախարարը` կարևորելով սոցիալական պատասխանատվության շրջանակներում Samsung-ի նման աշխարհահռչակ ընկերության` նաև Հայաստանի կրթական համակարգում ներդրումների կատարումը:

Samsung Electronics ընկերության Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Սանգ Պիլ Չանն իր հերթին նշել է, որ մեծ պատիվ է նման ինտերակտիվ և խելացի դասասենյակը նվիրաբերել վարժարանին, որի շնորհիվ խելացի աշակերտները և ուսանողները հնարավորություն ունեն նորագույն տեխնոլոգիաներից օգտվել:

«Սա Սամսունգ ընկերության մի փորք նվերն է Հայաստանի կրթական համակարգին, որը համարվում է սիրված ապրանքանիշ Հայաստանում»,-նշել է նա` հավաստիացնելով, որ նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, Samsung Electronics ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը ստորագրել էին համագործակցության եռակողմ հուշագիր՝ աշխարհում արդեն լայն տարածում ունեցող Smart School (խելացի դասասենյակ) ծրագրի ներդրման վերաբերյալ: Samsung-ի նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների միջոցով է դասասենյակը ներկայացնում է նոր կրթական միջավայր, տեխնիկական նոր լուծումներ` նոր պլանշետների, էլեկտրոնային գրատախտակների, այսպես ասած, խելացի դասարանի ներդրմամբ, որն իրականում փոխկապակցված էլեկտրոնային միջավայր է, որը թույլ է տալու կրթությունը դարձնել ավելի ինտերակտիվ, հետաքրքիր, որակյալ, ինչպես նաև արագացնել և դյուրացնել ուսումնական նյութի ընկալումը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս