Բանդայի նոր գործով կներգրավվի նոր մեղադրող. pastinfo.am
«Տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով» ստեղծված բանդայի նոր գործով այսօրվա առաջին դատական նիստը տեղի չունեցավ: Մեղադրող Հովհաննես Ենոքյանը դատարանին տեղեկացրել է, որ թոշակի անցնելու դիմում է գրել, ուստի նախատեսվում է, որ գործով մեղադրանքը դատարանում կպաշտպանի այլ մեղադրող: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Գործով 9 ամբաստանյալներից երեքը չունեն պաշտպաններ, նրանցից երկուսը՝ Գոհար Գաբրիելյանն ու Մառլեն Մուրադյանը, հայտարարեցին, որ չեն ցանկանում պաշտպան ներգրավել, իսկ Կարեն Վարդանյանը 20 օր ժամանակ խնդրեց՝ պաշտպան ներգրավելու համար առկա ֆինանսական խնդիրները կարգավորելու համար:
Դատարանն ամբաստանյալին տեղեկացրեց, որ նա կարող է ներգրավել հանրային պաշտպան: Ամբաստանյալը, սակայն, հայտարարեց, որ չի ցանկանում օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից: Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը:
Գործով 9 ամբաստանյալներից 4-ին՝ ի թիվս այլ մեղադրանքների, առաջադրվել է բանդիտիզմի մեղադրանք, մասնավորապես, մեկ ամբաստանյալի` բանդա ստեղծելու ու ղեկավարելու, ևս երեքին՝ բանդայում մասնակցության մեղադրանքներ:
Այսպես, ըստ մեղադրանքի՝ 27-ամյա Ռաֆայել Հարոյանը Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա: Դրա կազմում, ըստ մեղադրական եզրակացության, նա 2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրան Հովհաննիսյանին, հետագայում նաև` Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։
Մանրամասներն՝ այստեղ