Պատկերը մոտավորապես պարզ է, նախնական վարկածները առաջիկա ժամերին կհայտնենք. Փոխոստիկանապետը՝ Վերնիսաժի կրակոցների մասին. news.am
Վերնիսաժի մոտ այսօր՝ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով նախնական վարկածները ոստիկանությունը առաջիկա ժամերի ընթացքում կհայտնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Պատկերը մոտավորապես պարզ է, ոստիկանությունն այս պահին քննում է գործը, զրուցում ականատեսների հետ, սակայն հանցագործության պատկերը մոտավորապես պարզ է: Մի քանի ժամից նախնական վարկածները կներկայացնենք»,- ասել է նա:
Հարցին՝ արդյոք ձերբակալված մարդ կա՝ Պողոսյանը պատասխանել է, որ ընդամենը մեկ-երկու ժամ է անցել եւ բնականաբար դեռ ձերբակալված մարդ չկա:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: