«Թանգարանները միավորում են մեզ». մայիսի 17-ին «Թանգարանների գիշեր» է
Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում 2014 թվականի մայիսի 17-ին կմեկնակի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
2014 թվականը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար հոբելյանական է. լրանում է ծրագրի 10-րդ տարեդարձը: «Թանգարանների գիշեր» ակցիան սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը:
Մայիսի 18-ը՝ որպես Թանգարանների միջազգային օր, նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի(ԻԿՕՄ) նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:
Իսկ «Թանգարանների գիշերը» 2005 թվականից անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Այս ծրագրի նպատակն է՝ այցելուներին անվճար սկզբունքով ընդգրկել թանգարանային միջավայր` ապահովելով մշակույթի հասանելիությունը սոցիալական տարբեր խավերին, տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնել թանգարանային հավաքածուներին: Տարեցտարի միջոցառումն ընդլայնում է իր աշխարհագրությունը ո´չ միայն Եվրոպայում, այլև՝ Հայաստանում և արդեն 2-րդ տարին է նաև Արցախում:
Այս տարի մասնակից թանգարանների թիվը հատկանշական է. միջոցառման 10-ամյակին Հայաստանի և Արցախի 100 թանգարան իր դռները կբացի թանգարանասեր հասարակության առջև: Միջոցառումների կարգախոսը` «Թանգարանները միավորում են մեզ», ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:
Երկու օր անցկացվող բազմաբնույթ միջոցառումները հասարակությանը հնարավորություն կտան անվճար, գիշերային գողտրիկ միջավայրում մասնակից լինելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները: