«Գյուլի քաղաքական կարիերան ավարտված է»
Հարցազրույց պատմաբան, հրապարակախոս, Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Կարապետ Մոմջյանի հետ
– Պարոն Մոմջյան, ապրիլի 24-ին աշխարհը կրկին անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցին: Ի մի բերելով՝ ի՞նչ ուշագրավ դիտարկումներ և անդրադարձներ եղան միջազգային աշխարհում:
– Հիմնականն, իհարկե, այն էր, որ ցեղասպանության զոհերի ոգեկոչման համար զանազան ձեռնարկներ տեղի ունեցան Պոլսում և Թուրքիայի այլ քաղաքներում (Դիարբեքիր և այլն), ինչը ցույց է տալիս, որ ցեղասպանության թեման Թուրքիայում օրեցօր ավելի է շեշտվում: Կարևոր հանգամանք էր նաև Թուրքիայի վարչապետի հայտարարությունն ու ցավակցություն հայտնելը, որը, իհարկե, համազոր չէր Ցեղասպանության ամբողջական ճանաչմանը, բայց, ըստ մի շարք սփյուռքյան կազմակերպությունների ղեկավարների` դրական քայլ էր: Կային նաև այնպիսի դիտարկումներ, ըստ որոնց` Թուրքիայի վարչապետի հայտարարությունը ժխտման շարունակություն էր և միջազգային հանրային կարծիքի աչքին փոշի ցանելու փորձ՝ մանավանդ Ցեղասպանության
100-ամյակի նախաշեմին: Արևմուտքը, հատկապես` ԱՄՆ-ը, շատ մեծ կարևորություն տվեց Էրդողանի հայտարարությանն ու այն համարեց հայ-թուրքական հարաբերությունների կանոնավորման նախադուռ: Վստահ եմ, նրանք այս ուղղությամբ դիվանագիտական աշխատանք պիտի ձեռնարկեն ու փորձ կատարեն մոտեցման եզրեր ստեղծելու Հայաստանի ու Թուրքիայի միջև, ինչը կարող է Հայաստան-Սփյուռք համագործակցության մեջ նոր խրամատներ բացել: Էրդողանի ուղերձի մեսիջն Արևմուտքին էր ուղղված, Արևմուտքն այն խիստ դրական գնահատեց, ինչը խնդրահարույց է մեզ համար:
– Տարին Թուրքիայի համար ընտրական է: Ի՞նչ կանխատեսումներ ունեք օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններից: Ի՞նչ ուժեր են հավակնում երկրի գլխավոր աթոռին:
– Ակնհայտ է, որ Էրդողանը մարտ-ապրիլին տեղի ունեցած քաղաքապետական ընտրությունների ժամանակ ցույց տվեց իր քաղաքական մկանը: Հետևաբար, նոր ու ամուր իրավասություններով օժտված նախագահ լինելու նրա հավանականություններն իսկապես բարձր են: Մնացած քաղաքական ուժերը նախագահական աթոռին հասնելու շանսեր չունեն:
– Լուրեր են տարածվում Գյուլի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Ի՞նչ ուժ է դա լինելու:
– Իմ կարծիքով` Գյուլի քաղաքական կարիերան արդեն ավարտված է: Էրդողանը երբեք թույլ չի տալու, որ այն երկրորդ ճեղքն առաջացնի մեղմ իսլամ հարթակով գործող իր կուսակցության մեջ (նկատի ունեմ այն, ինչ պատահեց Ֆաթուլլահ Գյուլենի հետ): Այս իմաստով Գյուլն արդեն չի կարող նոր կուսակցություն ստեղծել, իսկ եթե ստեղծեց, ապա շատ փոքր թվով մարդ կարող է ներգրավել իշխանությունից: Ի վերջո, բոլորն էլ գիտեն, որ վազող ձիու ետևից են գնում և ոչ թե նրա, ով արդեն սպառել է իր դրամագլուխը:
– Այս տարի Թուրքիայի նախագահին ընտրելու է ոչ թե Ազգային Մեծ ժողովը, այլ՝ ժողովուրդը: Այս նորությունն ի՞նչ է տալու Թուրքիային:
– Ժողովրդի քվեով նախագահ ընտրվող Էրդողանը կարող է իր կամքն առավելագույնս պարտադրել երկրի քաղաքականության վրա: Սա նշանակում է, որ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովին մաս կազմող մյուս կողմերի ուժն ավելի է թուլանալու:
– Նշված հարցերի ենթատեքստում ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում հայ-թուրքական հարաբերություններում:
– Արևմուտքը, հնարավոր է, հարաբերությունների բարելավման ու կանոնավորման նոր փաթեթ պատրաստի, և այդ իմաստով` մենք պարտավոր ենք զգույշ լինել: Բայց մյուս կողմից` խնդիրն այն է, որ մինչև Թուրքիան կարող է միաձայն արձագանքել այս հարցին, հայկական կողմը դեռևս միասնական չէ ու միասնական կեցվածքով չի կարող ներկայանալ, ինչը Արևմուտքին հայկական կողմի վրա բաժանումներ և ճեղքեր առաջացնելու առիթ է ընձեռելու:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վերջին քաղաքական փոփոխությունը:
– Ի՞նչ փոփոխություն: Կարծում էինք, որ վարչապետի փոփոխությամբ կարող է ձևավորվել ազգային միասնության կոալիցիոն կառավարություն, սակայն մեր սպասելիքները հօդս ցնդեցին: Չեմ կարծում, թե Հայաստանի քաղաքական ուժերը (իշխող և ընդդիմադիր) ունեն կարևոր հարցերի գիտակցություն, նրանք մանրուքներով են զբաղված: Հայաստանի քաղաքական դաշտում կան, այսպես կոչված, շարժումներ ու հոսանքներ, սակայն չկան նրանք միավորող, զոդող ու ազդեցիկ ուժի վերածող ազգընտիր անհատներ կամ կուսակցություններ: Հետևաբար, Հայաստանի քաղաքական դաշտը մնում է խոպան, մինչև որ ուժերը հասկանան, որ, տարբերություններով հանդերձ, կարող են մի շարք սկզբունքային հարցերի շուրջ համաձայնելով` առաջացնել ներքին ուժականություն ունեցող կառավարություն: Ես այժմ Հայաստանի քաղաքական դաշտի վրա նման պատկերացում չեմ տեսնում: