
«Եթե մարդ սպանել ուզեի, 30 պատրոնն էլ կկրակեի ու ոչ թե 4 անգամ». Վ. Ղուկասյանի ցուցմունքը դատարանում (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը: Ինչպես հայտնի է, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով:
Դատարանն այսօր ավարտել է գործով ապացույցների հրապարակումը, որից հետո հարցաքննվել է փորձագետ Լիպարիտ Ղուկասյանը , ով դատաբժշկական փորձագետ է, եւ ով փորձաքննության է ենթարկել Արտյոմ Կարապետյանի դին: Դատարանում ներկայացվեց՝ մասնավորապես ինչ վնասվածքներից է մահացել տուժողը: Կողմերը հարցեր ուղղեցին վկային, մասնավորապես Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե աջ թեւի շրջանում ստացած հրազենային վնասվածքների պարագայում կարո՞ղ էր Արտյոմ Կարապետյանը կրակել ու զենք օգտագործել ընդհանրապես: Փորձագետը դա չբացառեց:
Որից հետո դատավորը հայտարարեց, թե ամբաստանյալի հարցաքննության հերթն է: Վահե Ղուկասյանը սկզբում հայտարարեց, որ ինքը հրաժարվում է դատարանում ցուցմունք տալուց եւ պնդում է նախաքննական ցուցմունքները, ինչպես նաեւ հրաժարվում է պատասխանել բոլոր հարցերին:
Որից հետո հրապարակվեց Վահե Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը, որում նա ասում է, որ դեպքի օրը նա իր մահացած հորեղբոր զենքերը փորձել է տանել Վարդբաղ թաղամաս ու պահել, իսկ ճանապարհին փողոցում նա տեսել է սեւ գույն մեքենան, որը ձայնային ազդանշանով կանգնեցրել է իրեն: Ապա նկատել է, որ մեքենայից կրակ են արձակում իր ուղղությամբ, որից հետո ինքն էլ պաշտպանվելու նպատակով զենք է վերցրել եւ 4 անգամ կրակել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: