Օլանդը Հայաստանում դատարկությունն է ֆիքսել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Երևանում հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանին չեն ստիպում ընտրություն կատարել, որը դեմ է իր շահերին:
Օլանդը միաժամանակ հայտարարել է, որ պետք է գտնել Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների սերտացման այնպիսի մոդել, որը չհակասի Մաքսային միությանը: Իսկ ո՞րն է Հայաստանի շահը, որո՞նք են Հայաստանի շահերը, որոնց դեմ պետք է ընտրություն կատարվի:
Այսպես ասած իշխանական մեկնությամբ` Օլանդի խոսքերն, իհարկե, կմատուցվեն որպես հավաստիացում այն բանի, որ Եվրոպան ընկալում է և ըմբռնում Մաքսային միության վերաբերյալ Հայաստանի որոշումները: Սակայն Մաքսային միություն գնալու մասին որոշումը Հայաստանի շահերի՞ց էր բխում, թե՞ շահերի դեմ էր: Ահա սա է հարցը, որին Օլանդն էլ չի պատասխանում, չի տալիս պատասխան:
Բայց չէ՞ որ Հայաստանի շահերի դեմ է հենց կատարվել ընտրությունը՝ ընտրությունը դեպի Մաքսային միություն: Չէ՞ որ Հայաստանի շահերն են դրվել այդ ընտրության զոհասեղանին, Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունն է դրվել այդ ընտրության զոհասեղանին:
Չէ՞ որ Հայաստանի շահերից բխում էր Եվրամիության հետ Ասոցացումը, քանի որ այդ ճանապարհը Հայաստանի համար անվտանգության և տնտեսական զարգացման, ընդհանուր առմամբ սուվերենության, անկախության համար կարևոր այլընտրանքներ էր ապահովելու: Չէ՞ որ ցանկացած միակողմանի կախվածություն դիվերսիֆիկացնելն է Հայաստանի շահերից բխում, ոչ թե այդ կախվածությունն էլ ավելի խորացնելը:
Ֆրանսուա Օլանդը երևի թե խառնել է Հայաստանի և Սերժ Սարգսյանի շահերը, և միգուցե ցանկացել է ասել, որ չեն ստիպում Սերժ Սարգսյանին իր շահերի դեմ որոշումներ կայացնել: Մյուս կողմից, իհարկե, Օլանդին այս ամենը երևի հետաքրքիր էլ չէ արդեն, պարզապես նա փորձել է ֆրանսիական քաղաքավարություն հանդես բերել հյուրընկալող կողմի հանդեպ:
Առավել ևս, որ Օլանդն ու Ֆրանսիան իրենց գլոբալ խնդիրներն ունեն և չափից շատ զբաղված են դրանով, իսկ Հայաստանի շահերով պետք է զբաղվի Հայաստանի հասարակությունը: Օլանդը ոչ թե ապագան է նախանշել, այլ ֆիքսել է ներկայիս դատարկությունը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։