Հայաստանի խնդիրները պայմանավորված չեն միասեռականների, տրանսվեստիտների կամ աղանդավորների առկայությամբ. «Առավոտ»
«Ես գիտեմ, թե ինչու է «Եվրատեսիլում» հաղթել Կոնչիտան: Որպեսզի այստեղ` Հայաստանում «ազգային ոգով տոգորված» և «հայի տեսակի համար կռիվ տվող» մեր հայրենակիցները կարողանան փրփուրը բերաններին փրկել մեր մատաղ սերունդը չարամիտ և այլասերված եվրոպացիների ոտնձգություններից»,- գրում է «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.
«Ես գիտեմ, թե ինչու են Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ հիշեցնում, թե Ղարաբաղյան կարգավորման ո’ր փաստաթուղթն է դրված սեղանին: Համանախագահներն ուզում են Հայաստանում և Ադբեջանում հայրենասիրական ալիք բարձրացնել, որպեսզի դարձյալ «ազգային ոգով տոգորված», սկզբունքային և անզիջում մարդիկ կուրծք ծեծելով բացականչեն` «ոչ մի թիզ հող թշնամուն», ինչպես նաև`անարգանքի սյունին գամեն «Ղարաբաղը ծախողներին» և «զոհվածների արյունը ուրացողներին»:
Համանախագահները, հետևաբար, բարի գործ են անում` հնարավորություն տալով մարդկանց` ի ցույց դնելու իրենց նվիրվածությունը ազգային նպատակներին: Քանի որ ես հավակնություններ չունեմ որեւէ բանով տոգորված լինելու, ասեմ, որ թեեւ «կոնչիտաներն» իմ մեջ, մեղմ ասած, բացասական զգացմունքներ են առաջացնում, գտնում եմ, որ Հայաստանի խնդիրները պայմանավորված չեն մեր երկրում կամ աշխարհում միասեռականների, տրանսվեստիտների կամ աղանդավորների (ինչպես նաև թուրքերի, հրեաների եւ մասոնների) առկայությամբ, իսկ «Եվրատեսիլի» նման մրցույթն ամենեւին էլ արժանի չէ, որ մենք այդքան երկար խոսենք դրա մասին»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։