Օլանդը «Կիլիկիա» խմեց, իսկ անվանի դերասանուհուն թույլ չտվեցին ներկա գտնվել Ազնավուրի համերգին. «ՀԺ»
«Երեկ պետական այցով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Վերջինիս ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում»,- «Հայկական ժամանակ» թերթը գրում է ավելացնելով.
«Դիմավորելով Օլանդին՝ Սերժ Սարգսյանը վերջինիս հետ ուղեւորվեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ տեղի ունեցավ հայ-ֆրանսիական տնտեսական ֆորում։
Ընդ որում, Սարգսյանին ու Օլանդին ուղեկցում էին մեծ թվով մեքենաներ, ինչպես ընդունված է պետական այցերի արարողակարգով՝ 10-ից ավելի մոտոցիկլետներ ու դրանց հետեւանքով Մաշտոցի պողոտա ու Ամիրյան փողոցների երթեւեկության այդ հատվածը ուղղակի փակվել էր:
Համաժողովը տեւեց մեկ ժամ, որից հետո Սերժ Սարգսյանը ժամանակավոր հրաժեշտ տվեց Օլանդին, իսկ վերջինս որոշեց լցնովի «Կիլիկիա» գարեջուր խմել «Մարիոթի» բացօթյա սրճարանում։ Ի դեպ, ֆրանսախոս մի մարդ խորհուրդ տվեց «Կիլիկիա» պատվիրել, ըստ երեւույթին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աշխատող: Կարճ ժամանակ անց Ֆրանսիայի նախագահը դուրս եկավ սրճարանից, մի քանի րոպե զրուցեց լրագրողների հետ ու հեռացավ:
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահը Սերժ Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ դրեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ծիռեռնակաբերդից Օլանդն ու Սարգսյանը շտապեցին Մարզահամերգային համալիր, որտեղ տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի համերգը:
Դրա ընթացքում շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ, ովքեր տոմս չունեին՝ խնդրում էին անվտանգության աշխատակիցներին իրենց ներս թողնել, ինչը մերժվեց, չնայած՝ անվտանգության աշխատակիցների կամ որոշ պաշտոնյաների ծանոթներ ու բարեկամներ առանց տոմսի հեշտությամբ մտնում էին ներս:
Ներս մտնելու ցանկություն ունեցողներից մեկն էլ անվանի դերասանուհի Սոֆիկ Սարգսյանն էր, ում եւս մերժեցին, ինչից վերջինս վիրավորվեց»:
Լուսանկարը` «ՀԺ»-ի:
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։