Զոհված զինվորը նոր էր վերադարձել արձակուրդից
Tesankyun.am-ը գրում է. Մայիսի 10-ի առավոտյան, ժամը 10-ին Իջեւանի սահմանամերձ գոտուց Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամկետային զինծառայող, 1995թ. ապրիլի 7-ին ծնված Ներսես Ղազարի Կարապետյանը: Իջեւանի բժշկական կենտրոնի ընդունարանից տեղեկացանք, հրաձգային զենքից վիրավորված զինվորը հիվանդանոցում արդեն մահացած է եղել:
Նա Երեւանից էր, բազմանդամ՝ 9 զավակ ունեցող ընտանիքի 5-րդ զավակը: Ն. Կարապետյանը մայիսի 6-ին էր վերադարձել արձակուրդից: Մեր տվյալներով՝ Կարապետյանը վնասվածք է ստացել մոտ տարածությունից արձակված կրակոցից, դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Իջեւանի զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մայիսի 11-ին, վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան, այցելել դեպքի վայր: Այնուհետև պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման և զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները:
Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ և հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները: Նախարարը հանձնարարել է անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար: