ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն
Մայիսի 12-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ա. Կարապետյանն ԱԻ նախարարին զեկուցեց վերջին օրերին հանրապետության մարզերում կարկտաբեր ամպերի վերացման նպատակով հակակարկտային կայաններից իրականացված կրակոցների արդյունքների մասին։
Միայն մայիսի 11-ին, ժամը 13.30-ից 21.37-ն ընկած ժամանակահատվածում կարկտաբեր ամպերի վերացման նպատակով ծառայության 132 հակակարկտային կայաններից Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Ջրառատ, Արաքս, Ակնալիճ, Մարգարա գյուղերում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Ագարակի, Ղազարավան, Կարբի և Փարպի գյուղերում, Արարատի մարզի Նորակերտ, Ավշար, Եղեգնուտ, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Արաքսավան, Նորամարգ, Ռանչպար, Երասխ, Արմաշ, Սուրենավան և Նորակերտ գյուղերում և Լոռու մարզի Մեծ Պառնի, Գարգառ, Կուրթան, Լեյջան, Ագարակ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Դսեղ գյուղերում իրականացվել է ընդհանուր 27487 կրակոց:
Ա. Կարապետյանը զեկուցեց նաև, որ հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի բարելավման նպատակով պատրաստվել է բոլոր 370 հակակարկտային կայանների միասնական քարտեզ։ Նախարար Երիցյանը հանձնարարեց պարբերաբար զեկուցել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցեց, որ այսօրվանից ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել են Գերմանական կարմիր խաչի փորձագետների կողմից ճգնաժամային կառավարման կենտրոնի մասնագետների ուսուցման դասընթացները։
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև մարզային ՃԿԿ-ների և 911 ծառայության ստեղծման աշխատանքների մասին։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն