Ինչ պատահեց կառուցող բնակչությանը
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ շինարարությունը առաջին անգամ աճ արձանագրեց՝ ճգնաժամից ի վեր։ Աճը թեպետ գրեթե զրոյական էր՝ ընդամենը 0.2 տոկոս, սակայն հաշվի առնելով որ 2009 թվականիծ ի վեր շինարարությունը կայուն կերպով անկում էր ապրում, անգամ այդ չնչին աճը լավատեսության առիթ դարձավ։ Կարծիքներ են հնչում, որ ոլորտը վերջապես դուրս եկավ ճգնաժամից։ Ընդունված կարծիքի համաձայն՝ շինարարությունն ամենից արագ է արձագանքում տնտեսական անկմանը, և ամենից դանդաղ՝ աշխուժացմանը։ Այս դեպքում շինարարության աճը ներկայացվեծ որպես ապացույց, որ ՀՀ տնտեսությունը վերջապես թոթափել է ճգնաժամի հետևանքներն ու բռնել կայուն զարգացման ուղին։
Սակայն շինարարության ցուցանիշների մեջ կա մի դետալ, որը պետք է լուրջ անհանգստության տեղիք կա։ Խոսքը վերաբերում է բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարությանը։
Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում այն անկում է ապրել երկնիշ թվով՝ 14.9%-ով։ Այս տարվա հունվար-մարտին, ըստ պաշտոնական վիճակագրության, բնակյության միջոցների հաշվին իրականացվել է 8 միլիարդ 971.4 միլիոն դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 միլիարդ 875 միլիոնի դիմաց։
Սա ուշագրավ է այնքանով, որ նախորդ տարիներին, երբ ընդհանուր շինարարությունն անկում էր ապրում, բնակչության հաշվին իրականացվող շինարարության ծավալները աճում էին, այն էլ՝ բավականին տպավորիչ տեմպով։
Կարճ ասած, ստացվում է, որ տնտեսությունն աճում է, շինարարության ոլորտը՝ նույնպես, սակայն բնակչությունը սկսում է ավելի քիչ կառուցել։ Թե որոնք են այս երևույթի պատճառները, առանձին ուսումնասիրության նյութ է։
Ավելացնենք միայն, որ այս տարվա ընդհանուր շինարարության ոլորտի աճը ապահովվել է կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության հաշվին։ Այս տարվա առաջին եռամսյակում նրանք 22.6%-ով ավելացրել են շինարարության ծավալները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27.9% անկման փոխարեն։
2014 թվականի հունվար-մարտին Հայաստանում կատարվել է 21.2 միլիարդ դրամի շինարարություն, որից 10.6-ը բաժին է ընկել հենց շինարարական կազմակերպություններին։