«Երկրորդ սորտի» մարդկանց տեղ են դնու՞մ
Tesankyun.am-ը գրում է. Ըստ կատարված ուսումնասիրությունների՝ Հայաստանի բնակչության մի մասը տեղեկատվություն է ստանում ավտոմոբիլի ղեկին գտնվելիս, կամ տան խոհանոցում աշխատելիս:
Մայիսի 5-ին Տավուշի մարզում քչերն են հիշել եւ նշել ռադիոյի օրը: Ի տարբերություն մայրաքաղաք Երեւանի կամ Արարատյան դաշտի բնակիչների, Տավուշի մարզի եթերում քիչ են ռադիոալիքները եւ հեռուստաալիքները:
Մարզի բնակիչներին զայրացնում է, որ իրենց տրվող տեղեկատվությունը սահմափակ է, իրենց «երկրորդ սորտի» մարդկանց տեղ են դնում: Մարզկենտրոն Իջեւանում հեռարձակվում են միայն Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդումները: Մարզի Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում հեռարձակվում են նաեւ նախկինում «ԱրմենԱկոբ» կոչվող ռադիոկայանի ծրագրերը: Մեր տեղեկություններով՝ այդ ռադիոընկերությունը հանդիսանում է հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի սեփականությունը :
Դիլիջանում հեռարձակվող ռադիոալիքների թիվը փոքր-ինչ ավելի է: Սակավաթիվ են նաեւ Տավուշի մարզում հեռարձակվող հանրապետական հեռուստալիքները: Այս տարեսկզբիվց Հ2-ը դադարեցրեց իր հաղորդումների հեռարձակումը սահմանամերձ Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում, Դիլիջանում եւ Իջեւանում այդ հեռուստաալիքի հաղորդումների ցուցադրումը շարունակվում է:
Հայաստանի հեռուստատեսային ցանցերի Տավուշի մարզային ծառայության պետ Սմբատ Խոսրովյանից տեղեկացմամբ` վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերությունը դադարեցրել է իր ծրագրերի հեռարձակումը մարզի մի շարք համայնքներում՝ Խաչարձան, Իծաքար գյուղերում, Այգեձոր գյուղի 2 թաղամասերում, Ներքին Գոշում, Դիլիջանի Գալավինո թաղամասում եւ այլն:
Ներկայումս Տավուշի մարզի բնակիչները կարողանում են հետեւել Հ1,«Արմենիա» «Կենտրոն» եւ ռուսական «ՌՏՌ» հեռուստաալիքներին: Սմբատ Խոսրովյանը մեզ հայտնեց, որ հեռուստածրագրերի թվային հեռարձակման անցնելուց հետո տավուշցիները կարող են դիտել բարձր որակով հեռարձակվող, մի փաթեթի մեջ մտնող հանրապետական 9 հեռուստալիքի հաղորդումներ: