Բաժիններ՝

Օպերայի պահապան Միշա պապին (լուսանկարներ)

Այս բարի պապիկին շատերն են ճանաչում. նա կապուտաչյա, կարճահասակ, ժպտերես, «ասող-խոսող» Միշա պապին է: Արվեստասեր թավջութակահարը տարիներ առաջ հեռացել է իր չորսլարանի փայտե ընկերոջից և արդեն մոտ 15 տարի աշխատում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս բազմաշնորհ պապիկn Oպերայի հսկայական շինությունում աշխատել է` որպես գլխավոր էներգետիկ, իսկ հիմա արդեն՝ որպես վերելակի ուղեկցող:

63-ամյա Միշա պապին ծնունդով կապանցի է: Հպարտորեն է հիշում իր ծնողների՝ դերասանուհի մոր և երաժիշտ հոր մասին: Արվեստագետների ընտանիքից սերվել 7 երեխա, 5-ը՝ երաժիշտ: Միշա պապին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը և, որպես թավջութակահար, աշխատել է տարբեր տեղերում, նաև դասավանդել է Կապանի, Ստեփանավանի ուսումնարաններում և ունի շատ աշակերտներ: Միշա պապին բազմազավակ հայր է. ունի 9 զավակ: Երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է օտար երկրներում, բայց այժմ վերադարձել է հայրենիք և բնակվում է Երևանում:Misha-Papi (1)

Օրվա մեծ մասը նա անցկացնում է առաջին հարկում գտնվող իր փոքրիկ սենյակում, որն ամբողջությամբ պատված է տարբեր ներկայացումների պաստառներով ու աֆիշներով, որոնք նա տարիների ընթացքում ափսոսանքով հավաքել և փակցրել է իր «արվեստաշունչ կացարանի» ամեն մի անկյունում:

Այս փոքրիկ սենյակին 80-ականների շունչ է հաղորդում հին հեռուստացույցը, որն ամեն անգամ միացնելով՝ Միշա պապին հայտնվում է երաժտության աշխարհում: Սա միակ վայրն է, որտեղ ծերուկը մեկուսանում է իրական աշխարհից և ապրում իր ստեղծած արվեստի մոլորակում:

Կարդացեք նաև

Misha-Papi (4)

Misha-Papi (3)

Տաղանդավոր պապիկը նաև նկարահանվել է շատ հեռուստասերիալներում և գեղարվեստական ֆիլմերում: Երբ խոսեցինք ֆիլմերից, Միշա պապին առանձնահատուկ ոգևորությամբ նշեց «Թռիչքը սկսվում է երկրից» ֆիլմը, որտեղ նա խաղացել է անվանի դերասաններ Խորեն Աբրահամյանի և Արմեն Ջիգարխանյանի հետ: Շատ հաճախ է հրաժարվում նկարահանվելու հրավերներից, քանի որ հիմա երկար ժամանակով չի կարող բացակայել աշխատանքից և միայն ժամանակ է գտնում էպիզոդիկ դերերի համար:

Արվեստասեր պապիկը սիրում է իր աշխատանքը և կարծում է, որ Օպերան այն վայրերից է, որտեղ մարդն այս դժվար պայմաններում դեռ կարողանում է պայքարել արվեստի համար: «Ես երջանիկ եմ, որ այստեղ ամեն րոպե կարող եմ վայելել բարձրակարգ երաժտություն և ներկա գտնվել տարբեր ներկայացումների: Փորձերին էլ եմ աշխատում ներկա գտնվել և, քանի որ արվեստից մի քիչ հասկանում եմ, հաճախ նկատում եմ ֆալշը, զգում եմ, որ դիմացինն ինչ-որ մի բան սխալ է նվագում, բայց դե կարծում եմ՝ կարծիքս այդքան էլ հաշվի չեն առնում. դե մտածում են՝ պահակ եմ, էլի…»,- անկեղծացավ Միշա պապին:

Misha-Papi (2)

Չկա մի ներկայացում, որ Միշա պապիկը տեսած չլինի: Նրա ամենասիրած ներկայացումն «Անուշն» է. կարծում է, որ այն անփոխարինելի ստեղծագործություն է: Բայց ավելի շատ հավանում է հին բեմադրված «Անուշը», նոր տարբերակն այդքան էլ սրտովը չէ, ինչպես նա է ասում՝ «Հնի համն ու հոտը մի փոքր կորել է»:
Բարի Միշա պապին այսպիսին է. փոքր-ինչ կտխրի, այնուհետև կմոռանա ամեն ինչ ու կսկսի կատակել: Շատ հաճախ է լսում այս նախադասությունը. «Էրնե՜կ քո կնոջը, ասող-խոսող մարդ ես երևում»: Բայց Միշա պապին իր տխրությունը պահում է իր ներսում և կարծում է, որ տխրելը միշտ էլ կա, ամենադժվարն ուրախանալն է:

Հիմնականում սիրում է շփվել երիտասարդների հետ, մարդիկ էլ հաճախ հարցնում են. «Միշա՞, այդ ինչո՞ւ ես այդքան շատ ջահելների հետ շփվում, քան քո տարիքի մարդկանց հետ»: Եվ Միշա պապին ամեն անգամ պատասխանում է. «Այ մարդ, իմ տարիքի բոլոր մարդիկ պոլիկլինիկա են, բոլորը բողոքում են ու դժգոհում, իսկ երիտասարդներն ինձ էներգիա են տալիս…»:

Misha-Papi (5) - Copy

Misha-Papi (6)

Կատակասեր ծերուկը շատ է սիրում մարդկանց ուրախություն պատճառել: Հանդիսատեսին ու երաժիշտներին դրական լիցքեր փոխանցելու համար նա պատրաստել է մի պաստառ, որի վրա գրված են տարբեր արտահայտություններ՝ «Բարև ձեզ», «Պահպանել լռություն», «Ձեզ համբերություն», «Ցտեսություն», «Բարի գիշեր», և այլն: Հաճախ ներկայացումներից առաջ և վերջում նա, պաստառը ծալելով մի քանի մասերի, ցույց է տալիս հանդիսատեսին ու վայելում նրանց անկեղծ ժպիտները:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ հեղինակի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս