Բակո Սահակյանը շքանշան է հանձնել Սերժ Սարգսյանին

Մայիսի 9-ին Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:

Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանն այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Այնուհետեւ նախագահներն այցելել են քաղաքում կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից:

Շուշիում տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Սերժ Սարգսյանին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան:

Տոնական միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:

 

Տեսանյութեր

Լրահոս