Կրեմլն անցնում է բացահայտ ԿԳԲ-ական գործելաոճի` «չեզոքացնել». medialab.am

medialab.am-ը գրում է. Մաքսային միության ճամփան բռնած Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլոնկինի աղմկահարույց հարցազրույցը, որտեղ վերջինս խոսել է Հայաստանում գործող հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրող» ՀԿ-ների չեզոքացման անհրաժեշտության եւ վերահսկողության մասին, կրկին անգամ բուռն քննարկումների եւ կանխատեսումների առիթ է հանդիսացել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ այս անգամ ըստ էության «սպառնալիքներով» դեսպանը Ռուսաստանի անվստահությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին` առաջին անգամ օգտագործելով ԿԳԲ-ի հատուկ տերմինը` «չեզոքացնել»:

«Այս կերպ Ռուսաստանը ուղղակիորեն փորձում է Հայաստանում լռեցնել անկախ ձայնը, փոքրաթիվ, սակայն ուժեղ քաղաքացիական հասարակությանը, որին չի հաջողվում ենթարկացնել`կիրառելով ԿԳԲ-ական չեզոքացման մեխանիզմը: Մի հարց, որը արդեն չկա Բելոռուսում, Ղազախստանում, եւ դեռ կա Հայաստանում եւ դեսպանը ուղղակիորեն խախտելով բոլոր նորմերը մտնում է խաղի մեջ»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Ի դեպ, ապրիլի 12-ին ՌԴ դեսպանը համերկրացիների յոթերորդ համաժողվի ժամանակ կրկին աղմկահարույց հայտարարություն էր արել, նշելով, թե Ռուսաստանը կկանխի իր «մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին»։

«Այս հայտարարությամբ, Վոլինկինն ըստ էության խախտում է խախտում է դիվանագիտական բոլոր նորմերը»,- նշում է Արթուր Սաքունցը:

«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է պարզաբանում պահանջեն Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինից:  «Պետք է պարոն դեսպանից պարզեն, թե ինքը ինչ ի նկատ ունի: Եթե ինքը նկատի ունի այնպիսի հայտարարություններ, որտեղ ազգամիջյան թշնամանք են քարոզվում, որոնք իրոք սեպ կարող են խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, թող օրինակներ բերի»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս