Վլադիմիր Գասպարյանի գլխին ամպեր են կուտակվում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Պաշտոնական հերքումները Հայաստանում այլեւս արժանահավատ չեն: «ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի ձերբակալության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, իսկ Արեշ թաղամասի բնակիչները պատմում են, որ «Վովայի Արշակին տարել են»:

Ընդ որում՝ ոչ թե վերջին երկու օրում, այլ դեռ մի 10 օր առաջ: «Տարել են» ասվածը լայն հասկացություն է: Կալանավորե՞լ են, կանչել են՝ բացատրությո՞ւն վերցրել, հե՞տ են բերել: «Ոչ մի նման հարց չի եղել, ոչ կալանավորված է, ոչ հարցաքննել են, հետ են բերել»,- ասում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տնօրեն Արծվին Բաղրամյանը:

Արեշում նաեւ խոսում են, որ իսկական ոստիկանությունն Արշակի տունն է, որտեղ ողջ օրն ակտիվ ելումուտ է, թանկարժեք մեքենաների հոսքը չի դադարում: Այստեղ են լուծվում բազում կարեւոր հարցեր, այդ թվում՝ տարբեր պոստերում նշանակումների հարցեր: Բայց ասում են, որ «տանել-բերելուց» հետո հոսքը դադարել է, թաղը «խախանդ» է:

Իսկ քաղաքական, հատկապես ԲՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ Արշակ Հակոբյանն անցնում է ԱԱԾ վարույթում գտնվող մի քանի քրեական գործերով, եւ որ նա, այնուամենայնիվ, ԱԱԾ-ում եղել է: Ամենակարող, հարց լուծող, տարբեր օբյեկտների տեր եւ տանիք Արշակի հարցը նույնիսկ ՀՀ նախագահին է ներկայացվել, եւ ասում են, թե վերջինս մոտավորապես հետեւյալ արտահայտությունն է արել. «Բերեք տեսնենք, թե ով է այդ Արշակը, որ հարց լուծող է դարձել»:

Իհարկե, հնարավոր է, որ նոր վարչապետը եւ ԲՀԿ առաջնորդն իրոք համախմբվել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ, որին նոր վարչապետն իր կաբինետում չի ցանկանում տեսնել: Պաշտոնական խողովակներով հոսող կտրուկ հերքումները, պնդումները, որ Վովայի Արշակին կարելի է այս օրերին գործի տեղը հանդիպել կամ էլ Արեշում, նրա «օբյեկտների» կողքին, ոչ մի կերպ չեն բացատրում, թե որն է ոստիկանապետի գլխավոր թիկնապահի մասին տարածվող լուրերի հիմքը: Իրավապահ համակարգում մեր աղբյուրը հաղորդում է, որ Արշակ Հակոբյանի բարեկամն է խնդիրներ ունեցել, «նրա հետ կապված հարցեր են եղել, որոնք չուզողները շուռ են տվել նրա վրա»»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս