Պարտվելը իմ դաշտից դուրս է, ես հստակ համոզված եմ, որ ես չեմ պարտվողը. Յուրի Վարդանյանի հարցազրույցը. NEWS.am
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:
-Ինչո՞վ եք զբաղվում այժմ, հանգստանո՞ւմ եք:
-Հիմա անհանգստանում եմ (ժպտում է-խմբ), որ ավելի շատ իմ ուզած տեղում լինեմ:
-Ի՞նչ է, սպորտի նախարարի պաշտոնը ձեր ուզած տեղը չէ՞ր:
-Ես երբեք չեմ ձգտել նախարարի պաշտոնին, ամբողջ կյանքս թե սպորտում, թե դրանից դուրս մտածել եմ ժողովրդին ծառայելու մասին: Սպորտի նախարարի պաշտոնը ճիշտ տեղն էր ինձ համար, բայց այս իրավիճակում ես չէի ցանկանա այնտեղ աշխատել:
-Լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ են շրջանառվում Ձեր ապագա աշխատանքի մասին, օրինակ նշվում է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը կամ աշխատանք ՀԱՕԿ-ում եւ այլն: Որքանո՞վ են դրանք իրականությանը համապատասխանում:
-Շուտով կիմանաք, թե որտեղ ես կլինեմ: Ինձ համար առաջնահերթ է ժողովրդի հետ լինել եւ օգտակար լինել: Իսկ օգտակար լինելու համար անհրաժեշտ են լծակներ, բայց լծակ ոչ այն իմաստով, որ օգտվես: Ես այդ մարդը չեմ, որ ցանկանամ լծակներ ունենամ եւ օգտվեմ, բիզնեսը, թվաբանությունը ինձնից շատ հեռու են: Իմ ամենամեծ պաշտոնը Յուրի Վարդանյան անունն է, ես իմ ընտանիքը կարող եմ պահել միայն դրանով, ինձ համար որեւէ պաշտոն ինքնանպատակ չէ: Թե կոնկրետ ինչ աշխատանքի կգնամ, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ իմ գործունեությունը այս պայմաններում հնարավոր է բոլոր ոլորտներում, բացի մարզաշխարհից:
-Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան մրցակցության Ձեր՝ աշխատանքից ազատվելու վերջնարդյունքով տպավորություն է, թե դուք պարտվեցիք:
-Եթե դուք համարում եք, որ սա մրցակցություն է, ապա այդ մրցակցության մեջ ես չեմ պարտվել: Կարող է հարց առաջանալ, թե եթե մրցակցություն է եւ իմ դուրս գալով ես չեմ պարտվել, ո՞վ է պարտվել, խորը մտածեք, կտեսնեք: Բայց ում նկատի ունեք, որ պարտվել է, ինքն էլ չի պարտվել, ժամանակը ցույց կտա, թե ով է պարտվել: Պարտվելը իմ դաշտից դուրս է, ես հստակ համոզված եմ, որ ես չեմ պարտվողը:
–Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ձեր պաշտոնանկության հարցը նախագահի մոտ բարձրացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ նրա վարչապետ խնամին՝ Հովիկ Աբրահամյանը:
-Ես ենթադրություններ չեմ ուզում անեմ, թող մարդիկ իրենց ճկուն հաշվարկներով հասկանան, թե ինչը ոնց է եղել:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: