Բաժիններ՝

Փողի խնդիրը կամ Ուխտը չոքել է կառավարության դռանը

Դատելով իրադարձությունների զարգացումից` առաջիկայում նոր կառավարությունը կարող է բախվել ֆինանսական ռեսուրսների սղության խնդրին։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն, ինչպես հայտնի է, այդ խնդիրները լուծում էր դրսից փող բերելու` արտաքին պարտքեր ներգրավելու միջոցով։ Ավելին, տեսակետներ կային, որ վարչապետի պաշտոնում նրա երկարակեցությունը պայմանավորված էր հենց միջազգային կառույցներից խոշոր վարկային միջոցներ ներգրավելու ունակությամբ։ Սակայն վերջին շրջանում դրսից փող բերելը խնդրահարույց դարձավ անգամ Տիգրան Սարգսյանի համար։

Այլևս դժվար էր արտոնյալ պայմաններով վարկեր ներգրավել` ցածր տոկոսադրույքներով։ Իշխանությունները դա չէին էլ թաքցնում և հենց դրանով էլ բացատրում էին Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը։ Իսկ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո արդեն միամտություն կլիներ կարծել, որ Արևմուտքը մեծ ծավալի վարկային միջոցներ կտրամադրի Հայաստանին։

Հիմա վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանն է, ով թեպետ «լեզու գտնելու» մեծ վարպետ է, սակայն` ոչ Հայաստանի սահմաններից դուրս։
Իսկ լրացուցիչ փողի կարիք կառավարությունն ու տնտեսությունն, իհարկե, ունեն։ Չմոռանանք, որ օրակարգում է պետական հատվածի աշխատավարձերը բարձրացնելու հարցը։ Բացի այդ, կան բազում այլ «մանրուքներ», որոնք լրացուցիչ միջոցներ են պահանջում։ Օրինակ` օրեր առաջ Արարատի մարզում Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի, կիսով չափ` ոռոգման ջրի վարձը:
Եթե տնտեսությունն աճեր անհրաժեշտ չափով, ապա ֆինանսական ռեսուրսների խնդիր չէր առաջանա։ Սակայն տպավորիչ աճի նախանշաններ չկան։ Հակառակը` կան ռիսկեր, օրինակ` դրսից եկող մասնավոր փոխանցումների (տրանսֆերտների) նվազման ռիսկը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ռուսաստանից եկող տրանսֆերտներին, որը մեծ տեսակարար կշիռ ունի ընդհանուրի մեջ։
Առաջին հայացքից` տրանսֆերտների նվազման պատճառներ չկան։ Առավելևս, այս տարվա հունվար-փետրվար ամիսների վիճակագրությունն այլ բանի մասին է վկայում` աճի։ Մասնավորապես, ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրի համաձայն` այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստանից Ռուսաստան կատարած դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 157.4 մլն դոլար։ Նախորդ տարվա հունվար-փետրվարին ցուցանիշը 135.4 մլն էր։ Աճը կազմել է 22.4 մլն դոլար կամ 16.5%, ինչը լուրջ թիվ է։

Սակայն այս տարվա առաջին եռամսյակում նվազել է արտագաղթը (կամ աշխատանքային միգրացիան) Ռուսաստանից Հայաստան։ Ընդհանուր առմամբ, ՌԴ 2014 թ. առաջին եռամսյակում բացասական միգրացիոն սալդոն Հայաստանում կազմել է 31,8 հազար մարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37,1 հազարի դիմաց: Ինչպես երեկ նշել է Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, այդ գործընթացի վրա որոշակի ազդեցություն է ունեցել Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացումը:

«Ըստ փորձագիտական գնահատականների, զգալիորեն կրճատվել է հայ աշխատանքային միգրանտների հոսքը Ռուսաստան, քանի որ մենք 40 հազար անձանց ցուցակ ենք ստացել, ում համար մուտքը Ռուսաստան արգելված է: Հնարավոր է, հետագայում այդ ցուցակը ընդլայնվի: Բնականաբար, դա կազդի ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալի վրա»,- ասել է Եգանյանը:

Քանի որ մեր պաշտոնյաները ոչ հաճելի իրողությունների մասին խոսել չեն սիրում, ապա կարելի է ենթադրել, որ եթե Գագիկ Եգանյանն է այս մասին հայտարարում, ուրեմն խնդիրն իրոք լուրջ է։ Եթե սրան գումարենք նաև այն, որ նվազում է ներմուծումը, ինչպես նաև` ներմուծումից գանձվող հարկերը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Եվ, իհարկե, չմոռանանք պարտադիր կուտակայինի գործոնը։ Հովիկ Աբրահամյանը մեծ պատասխանատվության տակ մտավ` խոստանալով, որ հասարակությունը դժգոհելու առիթ չի ունենա։ Իսկ դա նշանակում է` լրացուցիչ բեռ բյուջեի համար։ Պարզաբանենք։
ՀՀ Սահմանադրական դատարանը 2014-ի ապրիլի 2-ի որոշմամբ ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանձին դրույթներ, որոնց ուժը կորցրած ճանաչվելու ժամկետը հետաձգվեց մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ը: Հովիկ Աբրահամյանը նշանակումից մի քանի օր անց հայտարարեց, որ փաստացի կկասեցնի պարտադիր բաղադրիչը մինչև սեպտեմբերի 30-ը։

Կառավարությունն արդեն մշակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան լրացում կատարելու մասին օրինագիծը: Դրանով նախատեսվում է, որ գործատուն ազատվում է վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունից, եթե մասնակիցը գործատուին է ներկայացնում համապատասխան դիմում, ինչպես նաև ազատվում է տույժերից։ Ոչ իշխանական քառյակն այս նախագծի վերաբերյալ արդեն առաջարկներ է ներկայացրել։ Ըստ ամենայնի` պարտադիրի ժամանակավոր կասեցման հարցում իշխանությունն ու քառյակը համաձայնության կգան։ Սակայն սա միայն ժամանակավոր լուծում է։ Հետո հարկ կլինի ամբողջությամբ ձևափոխել օրենքը` պարտադիր բաղադրիչի մասով։ Ինչպես ասում էր Հովիկ Աբրահամյանը, ընդունել մի մոդել, որը կլինի պարտադիր, բայց ոչ պարտադրված։ Այ դա արդեն լուրջ և դժվար լուծելի խնդիր է։

Այդ փոփոխության հետ կապված` ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ բավականին ուշագրավ միտք է հայտնել` տեղեկացնելով, որ պարտադիր բաղադրիչի թնջուկի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը։
«Չէ՞ որ եկամտային հարկը վճարում ես 25%: Եթե եկամտային հարկն իջեցնենք, դրա փոխարեն այն, ինչ մնում է, տանք մարդկանց: Ասենք, եկամտային հարկը 25% է: Հիմա մենք ասում ենք` մարդուց 25% չգանձենեք եկամտային հարկը, այլ գանձենք 20%-ը, և այդ 5%-ը թող կուտակվի: Սա էլ է հաշվարկվում: Այսինքն` մարդը դե ֆակտո չի վճարում, ինքը դե ֆակտո այդ բեռը չի զգա: Աշխատավարձի չափն այդ պարագայում չի փոխվում:

Այսինքն` եթե ինքը 5000 պետք է վճարեր, պետությունը միանգամից եկամտային հարկից պակաս է վերցնում, բայց դա բեռ է գալիս պետության վրա, մոտավորապես 20-30 մլրդ… Հիմա այդ հաշվարկման մեջ ենք»,- ասել է նա: Նշենք նաև, որ կուտակայինի հարցով կառավարությանը «կողքից» արդեն հասկացնում ու հիշեցնում են, որ հարցերը պետք է կարգավորել։ Օրինակ, երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է այցելել Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից` «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Բերնար Դը Ուխտը կարևորել է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը և իրենց աջակցությունը հայտնել ծրագրի հաջող իրականացման գործում: Այս լղոզված ձևակերպումներն ամենևին կարևոր չեն։ Կարևորն այցելության փաստն է ինքնին, որով կառավարությանը հիշեցնում են, որ կուտակային համակարգից ետ կանգնելու տարբերակ չկա։ Ինչը նշանակում է, որ այն շարունակելու և միաժամանակ դժգոհությունը մեղմելու համար հարկավոր են լինելու լրացուցիչ միջոցեր։ Ըստ Վարդան Այվազյանի` 20-30 մլրդ դրամ։

Կարճ ասած, Հովիկ Աբրահամյանն այնքան էլ նախանձելի վիճակում չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից` Ռեսուրսների սղության խնդիրը լուծելու համար նա կարող է գնալ ոչ պակաս պոպուլյար քայլերի, քան նախորդ կառավարությունը։ Նշենք նաև, որ որպես նման քայլ` կարող է դիտարկվել նաև շրջանառության հարկի փոփոխությանը վերաբերող օրինագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ-ով չհարկվելու շեմը 58.3 մլն դրամից իջեցնել 30 մլն-ի։

Մի շարք տնտեսագետների կարծիքով` այս փոփոխությունը վնասելու է առաջին հերթին` փոքր ու միջին բիզնեսին, որը ստիպված է լինելու կամ փակվել, կամ ավելի շատ հարկեր վճարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս