Բաժիններ՝

Ի՞նչ ապագա է սպասվում սոցիալական պատճառով օժանդակ դպրոց հաճախող երեխային

Asparez.am-ը գրում է.  Գորիսի Շինուհայր գյուղի 12-ամյա բնակչուհի Արփինե Վարդազարյանը 4-րդ դասարանից սկսած՝ սովորում է Սիսիանի թիվ 1 հատուկ` օժանդակ, դպրոցում: Այժմ Արփինեն օժանդակ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է:

Ինչպես ասում է դպրոցի ուսմասվար Վարդանուշ Սաֆյանը՝ «Օժանդակ դպրոցում բոլոր ուսումնական առարկաներն ուսուցանվում են, պարզապես, ուսումնական պլանն այստեղ ավելի թեթեւ է եւ չափորոշիչներով նախատեսված է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար»:

Շինուհայր գյուղի գյուղապետարանի սոցիալական աշխատող Թեհմինա Իվանյանն հավաստում է.

«Վարդազարյանների բոլոր երեխաներն առողջ են: Եթե ուշադրություն դարձնող լինի` իրենք սովորելու ընդունակ, նորմալ երեխաներ են: Պարզապես այդ ընտանիքը սոցիալապես ծայրահեղ աղքատ է: Գյուղում նույնիսկ սեփական տուն չունեն: Ապրում են ուրիշի տան նկուղային հարկում, որի համար վարձ չեն վճարում:

Իրենց հանապազօրյա հացը վաստակում են, հիմնականում, ուրիշների անասունները պահելով: Բայց սեփական անասուններ ու հող ունեն: Եթե ցանկանան` կարող են իրենց երեխաներին ինչ-որ կերպ պահել ու օժանդակ դպրոց չուղարկել. դե, որտեղ 3-ն, այնտեղ էլ 6-ը: Ուղղակի իրենց մայրն այնքան էլ… ուշադիր ու հոգատար չէ: Այդ կինը գրեթե միշտ սարերում է լինում. ամուսնուն է օգնում: Տանն իրենց հետ ապրող երեխաներին էլ հետներն են սար տանում»:

Վարդազարյան Կամոյի եւ Ամալյայի 7 զավակներից միակ չափահասը` 19-ամյա Բարդինեն, ամուսնացած է: 17-ամյա Արթուրը, ով 8-րդ դասարանից նույնպես Սիսիանի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոց էր տեղափոխվել, 9-րդ դասարանն ավարտելուց հետո (Սիսիանի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցում կրթությունն 9-ամյա է) ոչ մի տեղ չի շարունակել կրթությունը եւ այժմ օգնում է ծնողներին` պահելով ուրիշների եւ իրենց անասունները, մշակելով իրենց հողամասն ու այգին:

7-րդ դասարանից Սիսիանի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոց տեղափոխված, այժմ արդեն 15-ամյա Ալլա Վարդազարյանը օժանդակ դպրոցը նախորդ տարի ավարտելուց հետո նույնպես ոչ մի ուրիշ տեղ չի սովորել եւ զբաղվում է տնային տնտեսությամբ, անասնապահությամբ, հողագործությամբ ու այգեգործությամբ:

7-ամյա Վարդազարյան Լիանան սովորում է Սիսիանի թիվ 1 հատուկ` օժանդակ, դպրոցի 2-րդ դասարանում, իսկ նրա 5-ամյա եղբայր Սլավիկը նույն դպրոցի 1-ին դասարանում: 3-ամյա Մերին տանն է եւ մանկապարտեզ չի հաճախում, թեպետ Շինուհայր գյուղում կա գործող մանկապարտեզ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս