Բաժիններ՝

Ինչու են կարգալույծ արել Տեր Մարտիրոս Բերբերյանին. «Ես անարծաթ ծառայում էի ժողովրդին»

Երեկ ամբողջ օրը թեժ էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում 14 տարի ծառայած և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ եղած քահանա Տեր Մարտիրոս Բերբերյանի ֆեյսբուքյան էջը: Տասնյակ մոսկվահայեր իրենց զորակցությունն էին հայտնում կարգալույծ եղած հոգևորականին:

Նշվում է, որ Տեր Մարտիրոս Բերբերյանը կարգալույծ է եղել եկեղեցականին անհարիր ընթացքի համար և դասվել աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով:

168.am-ը դիմեց Տեր Մարտիրոս Բերբերյանին` մեկնաբանելու, թե ի՞նչն է եղել կարգալույծ լինելու պատճառը. «Ես 2000 թվականից անարծաթ, այսինքն` անշահախնդիր ծառայում էի Մոսկվայում: Բոլոր այս տարիների ընթացքում առանց դրամի ծառայել եմ, համայնք էր հավաքվել, ժողովուրդը եկեղեցի էի բերել, պայքար էինք մղում աղանդավորների դեմ, հավատացյալները շատ գոհ էին իմ աշխատանքից: Ես, ինչպես ասացի, եկեղեցուց չէի վարձատրվում, խաղալիքի վաճառքի ընկերություն ունենք եղբորս՝ Կառլոյի հետ, դա էր իմ եկամտի աղբյուրը:

Երբ 2000 թվականին ներկայիս առաջնորդը եկավ, ես արդեն քահանա էի, ասաց, որ՝ չեմ ընդունում, որ և՛ աշխատես դրսում, և՛ նաև եկեղեցում քահանայություն անես: Ես էլ ասացի, որ ձեռնադրողի հետ պայմանավորվել եմ, որ ես ժողովրդից փող չեմ վերցնի որպես սկզբունք ու անշահախնդիր կծառայեմ: Բայց նաև մի բան պիտի անեի՝ ապրելու համար: Առաջնորդն ասաց, որ ինքը դա չի ընդունում, ես էլ ասացի՝ չեք ընդունում՝ հանեք, ասաց, ես չեմ հանի, դու նամակ գրի, ասացի՝ չեմ գրի: Հետո էլի մի քանի անգամ այս հարցը քննարկվեց, ես ասացի՝ չեմ գրի նամակ, քանի որ ժողովուրդը գոհ է իմ ծառայությունից, իսկ իմ արած մյուս գործն էլ իմ ծառայությանը չի վնասում: Քահանան իրավունք ունի աշխատելու, եթե նա մաքուր աշխատանք է կատարում: Ես իմ արածը պարզ ասում եմ` ինչ էր՝ մենք խաղալիքների վաճառք ունեինք, ուրիշ բան չէինք անում…

Այս վերջերս, մոտ վեց ամիս առաջ սկսեց նորից ճնշել, բայց նորից ասացի՝ դու քո իմացածի պես վարվիր, ինքս նամակ չեմ գրի: Այս տարվա փետրվարի 11-ին ինձ մեկ ամսով կախակայեց, մեկ ամիսը լրացավ, նորից կախակայեց, ասաց՝ մինչև Զատիկ: Ես էլ ապրիլի 7-ին Բեյրութ էի գնացել, այնտեղ Լիբանանի Հայոց թեմի առաջնորդի հետ խոսեցի, ասացի` այսպիսի հարց կա, կարո՞ղ եմ գալ Բեյրութ՝ այնտեղ ծառայելու, ասաց՝ արի, խնդիր չկա: Երբ ետ եկա Մոսկվա՝ առաջնորդին ասացի, որ Լիբանանի հայոց թեմի առաջնորդն ինձ վերցնում է իբրև քահանա, ասաց՝ լավ, ես կխոսեմ կաթողիկոսի հետ:

Երեկ երեկոյան 9:30-ին մեյլ ստացա ընկերներիցս, ասացին, որ կարգալույծ եմ եղել: Պատասխանեցի, որ ես չեմ ընդունում, քանի որ, ըստ եկեղեցական կանոնի՝ պատճառներ չկան կարգալույծ լինելու: Հիմա Բեյրութ էլ չեմ կարող գնալ, քանի որ կարգալույծի կարգավիճակ ունեմ: Ես ապօրինի եմ համարում այս քայլը և օրենքի սահմաններում պայքարելու եմ: Իմ գործունեության մեջ ոչ մի անհարիր արարք չկա, թող փաստեն:

Թող գան այստեղ Մոսկվայում ժողովրդի հետ խոսեն, ժողովուրդը կասի, թե ես ինչ անհարիր բան եմ արել, իմ վարքը հարի՞ր է քահանայի վարքին, թե՞ չէ: Հիմա իմ շուրջը համախմբված հավատացյալները ոտքի են կանգնել, նամակով դիմել են առաջնորդին, ստորագրահավաք է ընթանում… Առանց աշխատանք տանելու՝ արդեն 350 հոգի ստորագրել է, մինչև կիրակի 2000 հոգի պատրաստ են ստորագրելու»,- հայտնեց կարգալույծ եղած քահանան: Նա, ի դեպ, լիբանանահայ է:

Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարգալույծ անելու որոշումն ընդունել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ: Կարգալույծ եղած քահանան հայտնեց, որ պայքարելու է, որպեսզի ապացուցի նաև իր խոսքերով «այդ թեմական խորհրդի ապօրինի լինելը, որը ձևավորվում է առանց ընտրության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս