«2008-ի մարտի 1-ից 2014-ի մայիսի 1՝ Պուտինի հերթական հատուկ օպերացիան Երևանում». «Առավոտ»
Անդրադառնալով երեկ Երևանում «Կեցցե հայ-ռուսական բարեկամությունը, Ռոսիա՛ն, Կեցցե՛ Պուտինը, կեցցե՛ Մաքսային միությունը, մենք Պուտինի հետ ենք» կարգախոսներով կոմունիստների կողմից անցկացված շքերթին, «Առավոտի» հետ զրույցում «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ այդ շքերթը կազմակերպել էին Ռուսաստանի հատուկ ծառայությունները:
«Երևանում Ռուսաստանի հատուկ ծառայությունները այսօր կազմակերպել էին Մայիսմեկյան գործողություն՝ ուղղված Հայաստանի պետականության, Հայաստանի ինքնիշխանության դեմ: ԿԳԲ-ական այդ գործողությունն անցնում էր մայիսմեկյան կոմունիստական շքերթի անվան տակ՝ կարմիր դրոշներով, «մուրճ և մանգաղով» և Կրեմլի այսօրվա նեոկայսերապետական գաղափարախոսությամբ:
Իրականացնողները նույն կանաչ մարդուկներն էին՝ «зеленые человечки», որոնք այսօր Ուկրաինայի արևելքում իրագործում են Պուտինի ծրագիրը՝ տապալել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և Ուկրաինան դարձնել Ռուսական կայսրության մաս, ինչպիսին այսօր Հայաստանն է:
Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում այդ գործողությունները ծրագրվում ու կառավարվում են մոսկովյան նույն կենտրոնից: Ի տարբերություն Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից հովանավորված 2008-ի Մարտի 1-ի գործողության, այսօրվա հրազենի փոխարեն կոմունիստական կարմիր դրոշներ են օգտագործել, որոնք ավելի են հարվածում մեր պետականությանը, քան Մարտի 1-ի սպանդը»,- «Առավոտին» ասել է Դ. Շահնազարյանը:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։