«Դ!եմ եմ» շարժման ակտիվիստ. «Դե ֆակտո շատ բաներ կան կասեցված, մեզ «դե յուրե» է պետք» (տեսանյութ)
Այսօր «Դ!եմ եմ» շարժման մասնակիցները կրկին իրազեկման ակցիա էին կազմակերպել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ և կոչ էին անում միանալ «Դ!եմ եմ» շարժմանը` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Շարժման մասնակիցներն իրենց ակցիան սկսեցին Մատենադարանի շենքից: Ակտիվիստները թռուցիկներ էին բաժանում, որոնցով շնորահավորում էին աշխատավորների տոնը և կոչ անում միանալ շարժմանը:
Ակտիվիստներն ասացին, որ թեև որոշ շրջանակներ լուրեր են տարածում, թե իրենց նախաձեռնությունը պասիվացել է, բայց դա այդպես չէ: «Ես ուզում եմ ասել, որ այդպես չի կարող լինել, քանի որ մենք դեռ չենք հաղթել: Մենք ճակատամարտերը հաղթում ենք, բայց պատերազմը դեռ չի վերջացել: Մենք պետք է մինչև վերջ գնանք»,- ասաց «Դ!եմ եմ»-ի ակտիվիստ Սերգեյ Ղահրամանյանը:
Նրանք կոչ են անում աշխատող քաղաքացիներին՝ միանալ իրենց նախաձեռնությանը, որպեսզի նրանց իրավունքները չոտնահարվեն, ու նրանք իրենց որպես ստրուկ չզգան, այլ՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացի, ով աշխատում է իր ընտանիքը պահելու համար, ոչ թե հացի խնդիր է լուծում:
«Դ!եմ եմ»-ի նախաձեռնողներից Մանե Թանդիլյանն ասաց, որ այսօրվա երթն ունի իրազեկման խնդիր, որպեսզի աշխատավորներին տեղեկացնեն, որ նրանք անպաշտպան չեն, որ կարող են տեր կանգնել իրենց իրավունքներին և պետք է միանան «Դ!եմ եմ» շարժմանը:
Շարժման մասնակից Մանուկ Զաքարյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Փաստացի ստացվում է, որ «Դ!եմ եմ» շարժումը ստեղծվել է աշխատող քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: Կառավարությունը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով նա փորձում է կասեցնել 76-րդ հոդվածը, որը սահմանում է պատասխանատվություն, տույժեր՝ մուծումները չանելու համար: Նրանք նշում են, որ դրանով մեկ քայլ առաջ են անում: Այո, մեկ քայլ անում են, բայց ոչ թե՝ առաջ, այլ՝ դեպի հետ: Նրանք բերում են այն վիճակին, որ եղել էր հունվարի 24-ի Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Իսկ դրանից հետո բոլորս էլ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Օրինակ, մեր «շատ սիրելի» նախարարներից մեկն ասում էր, որ եթե բարեխիղճ գործատու ես, ուրեմն պետք է վճարումները կատարես:
Մյուս ոչ պակաս «սիրելի նախարարը» հայտարարում էր, որ այն գործատուները, ովքեր վճարումներ չանեն, կենթարկվեն կրկնակի պատասխանատվությունների: Այսօր նրանք նույն այդ հետքայլն են արել` այդ նախագիծը ներկայացնելով, որը ոչ մի հարց չի լուծելու: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր պահանջներն ընդհանրապես չեն բավարարվում, և այդ մի կետը ներկայացնելով՝ նրանք փորձում են ասել, որ պարտադիրը «դե ֆակտո» կասեցված է: «Դե ֆակտո» շատ բաներ կան կասեցված, մեզ «դե յուրե» է պետք, ու մենք պայքարը շարունակելու ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: