Պետության «թշնամիները»
Եվ այսպես, այս հոդվածը գրելու պահին կառավարության կազմում արդեն նշանակվել կամ վերանշանակվել էր 14 նախարար։ Թվարկենք, նոր անցնենք առաջ. Դավիթ Հարությունյան` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (Վաչե Գաբրիելյանի փոխարեն), Նարեկ Սարգսյան` քաղաքաշինության նախարար (Սամվել Թադևոսյանի փոխարեն), Արմեն Մուրադյան` առողջապահության նախարար (Դերենիկ Դումանյանի փոխարեն), Կարեն Ճշմարիտյան` էկոնոմիկայի նախարար (Վահրամ Ավանեսյանի փոխարեն), Գագիկ Խաչատրյան` ֆինանսների նախարար (Դավիթ Սարգսյանի փոխարեն), Արմեն Գևորգյան` տարածքային կառավարման նախարար, Էդվարդ Նալբանդյան` արտաքին գործերի նախարար, Սեյրան Օհանյան` պաշտպանության նախարար, Արմեն Աշոտյան` կրթության և գիտության նախարար, Արտեմ Ասատրյան` աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հասմիկ Պողոսյան` մշակույթի նախարար, Հրանուշ Հակոբյան` Սփյուռքի նախարար, Գագիկ Բեգլարյան` տրանսպորտի և կապի նախարար, Արմեն Երիցյան` արտակարգ իրավիճակների նախարար։
Հոդվածը գրելու պահին անորոշ էր բնապահպանության, սպորտի և երիտասարդության, էներգիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, ինչպես նաև` արդարադատության նախարարների պորտֆելների հարցը։ Հաշվի առնելով, որ նախարարներին նշանակում են սովորաբար գիշերը, չի բացառվում, որ այս պահին արդեն նրանց անուններն էլ են հայտնի։ Ամեն դեպքում` մեր այս վերլուծությունը փորձենք կառուցել` վերը նշված և արդեն հայտնի նախարարների նշանակումները հաշվի առնելով:
Եվ այսպես, ինչպես նշեցինք` 14 նախարարներից 9-ը վերանշանակվել են։ Կառավարության կազմը լքել են Վաչե Գաբրիելյանը, Սամվել Թադևոսյանը, Դերենիկ Դումանյանը, Վահրամ Ավանեսյանը և և Դավիթ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ինչպես ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` նոր կառավարության առջև խնդիր է դրված` վերականգնել կառավարության նկատմամբ վստահությունը։ Ինչը նշանակում է, որ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում կորցրել էր վստահությունը։ Ու քանի որ նախարարական պորտֆելին հրաժեշտ տվեց հենց վերը նշված 5 պաշտոնյա, կարելի է ենթադրել, որ հենց նրանք էին խարխլում վստահության հիմքերը։ Հենց այս «ոչ հրաշալի» հնգյակն էր խանգարում, որ հասարակությունը լցվի վստահությամբ, ու երկիրն առաջ գնա։
Հնգյակից երեքը` Սարգսյանը, Ավանեսյանն ու Գաբրիելյանը, համարվում էին Տիգրան Սարգսյանի «կադրերը», և շատերը սպասում էին, որ նրանք պետք է լքեին կառավարությունը։ Սակայն նրանց բոլորին միավորում է նաև մեկ այլ` ոչ կարևոր հանգամանք. նրանք ներկայացնում են տնտեսական բլոկը։ Եվ ստացվում է, որ բացառությամբ Քաղաքաշինության և Առողջապահության նախարարությունների, կառավարության կազմը լքել են տնտեսական քաղաքականության պատասխանատուները (ճիշտ է` Վաչե Գաբրիելյանը վերջին ամիսների ընթացքում կառավարության աշխատակազմի ղեկավարն էր, սակայն նա ներկայացնում է տնտեսական բլոկը)։
Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը բացասական գնահատական է տվել այդ քաղաքականությանը։ Անկախ դրվատանքի խոսքերից` սա վկայում է այն մասին, որ տնտեսական բլոկը ձախողվել է։ Ի դեպ, սա կարելի է համարել այն հարցի ուշացած պատասխանը, թե կառավարությունը պատասխանատվություն կրելո՞ւ է 7% տնտեսական աճ չապահովելու համար։ Որ տնտեսական քաղաքականությունն իրոք ձախողվել է, դժվար է չհամաձայնել։ Այդ մասին վկայում են անգամ պաշտոնական տվյալները` ներդրումների կրճատման, աղքատության ու արտագաղթի մասինգ Սակայն այս ամենի մեջ կա մի շատ կարևոր «բայց»։
Ինչպես բազմիցս նշել են մի շարք հեղինակավոր մասնագետներ, Հայաստանի տնտեսության խնդիրները կապված են առաջին հերթին` քաղաքական համակարգի հետ։ Հնարավոր չէ ունենալ հաջողություններ, եթե քաղաքական համակարգն ու մյուս ինստիտուտները (դատական համակարգ և այլն), մեղմ ասած, լավ չեն աշխատում։ Նման պայմաններում տնտեսական քաղաքականությունն ու դրա պատասխանատուներն ի սկզբանե դատապարտված են ձախողման` անկախ իրենց գիտելիքներից, փորձառությունից և մյուս որակներից։
Կա նաև հարցի ոչ քաղաքական կողմը։ Ինչպես նշեցինք, խոսքը գնում է վստահության վերականգնման մասին։ Վերը նշված պաշտոնյաները կառավարության նախկին և արդեն վերանշանակված անդամներից շահեկանորեն տարբերվում էին ինտելեկտով և քաղաքակրթությամբ։ Բացի այդ (բացառությամբ Տիգրան Սարգսյանի), նրանց անունները կոռուպցիոն սկանդալների մեջ չեն շրջանառվել, նրանք չեն ընկալվել, որպես մեծահարուստ, առավելևս` օլիգարխ։ Այնպես որ, մեծ հարց է` այս մարդկանց փոխարինումը որքանո՞վ է նպաստելու կառավարության նկատմամբ վստահության աճին։
Շատերը նշում են, որ Հովիկ Աբրահամյանը հնարավորություն ունի շտկել վիճակը` վերականգնել այդ չարաբաստիկ վստահությունը (թեև վերականգնում են այն, ինչը նախկինում եղել է)։ Ճիշտ է, նա Տիգրան Սարգսյանի չափ գրքեր չի կարդացել, սակայն ասում են, որ կազմակերպչական ունակություններով, մարդկանց հետ լեզու գտնելու ունակությամբ, անձնական կապերով և, ինչո՞ւ ոչ, կոշտության անհրաժեշտ չափաբաժնով կարող է շատ ավելի հաջողակ գտնվել։ Նա ավելի գործունյա է, իրականությանն ավելի մոտ, և եթե, մասնավորապես, նրան հաջողվի լուծել կնճռոտ հարցերը (օրինակ` կուտակային կենսաթոշակների հարցը), ապա դա կնպաստի կառավարության նկատմամբ վստահության վերականգնմանը։
Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Նախ` կուտակային կենսաթոշակների հարցը, չնայած խոստումներին, դժվար թե բոլոր կողմերին բավարարող լուծում ստանա։ Վերջին 1 տարվա ընթացքում մեր պաշտոնյաներն այնքան փաստարկներ են բերել պարտադիր բաղադրիչի անհրաժեշտության օգտին, որ բոլորը համոզվել են` առանց այդ բաղադրիչի` ՀՀ իշխանության բոլոր ծրագրերը ձախողվելու են։ Երկրի նախագահը հատուկ շեշտել է, որ պարտադիր կուտակայինը պետք է շարունակվի, իսկ ինքը` Հովիկ Աբրահամյանն էլ նշել է, որ լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված։ Թե դա ինչ է նշանակում, առայժմ ոչ ոք չգիտի։
Իսկ եթե Հովիկ Աբրահամյանին այդուհանդերձ հաջողվի պահպանել պարտադիր բաղադրիչն ու միաժամանակ այնպես անել, որ դժգոհության ալիքը մարի, ապա դարձյալ մեծ հարց է` դա կլինի հաջողությո՞ւն, թե՞ հակառակը։ Չէ՞ որ դա ցույց կտա, որ Հայաստանում «շուստրիությունն» ավելի կարևոր հատկություն է, քան գիտելիքն ու պրոֆեսիոնալիզմը։ Ու, ըստ այդմ, Հայաստանի տնտեսությունը Տիգրան Սարգսյանի կողմից քարոզվող «գիտելիքահենքի» փոխարեն` կարող է վերջնականապես հանգրվանել լրիվ այլ «հենքի» վրա` դառնալով, ասենք, «բիթիահենք»։