Եթե Կիևը որոշի օգտագործել ամերիկյան միջուկային վառելիք, ապա կնշանակի, որ նա դաս չի քաղել Չեռնոբիլից. Ռոգոզին
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որի աշխատանքային գործունեության ուղղություններն են պաշտպանական, հրթիռա-տիեզերական ու ավիացիոն արդյունաբերությունը, Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Ուկրաինայի իշխանությունների կողմից սեփական ատոմակայաններում ամերիկյան միջուկային վառելիք օգտագործելու հնարավորությունը:
Ռոգոզինը դա որակել է որպես «անխոհեմ» որոշում. «Եթե Կիևը որոշի սեփական ատոմակայաններում օգտագործել ամերիկյան միջուկային վառելիք, ապա դա կնշանակի, որ նա որևէ դաս չի քաղել Չեռնոբիլից»:
Նշվում է, որ սրանից առաջ ռուսական կողմը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որում զգուշացրել է եվրոպական երկրներին սպառնացող վտանգի մասին, եթե Ուկրաինայի իշխանությունները հրաժարվեն ուկրաինական ատոմակայաններում ռուսական միջուկային վառելիք գործածելուց և փորձեն դա փոխարինել ամերիկյան վառելիքով:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին նույն Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանն արգելք է դրել Ուկրաինայի ատոմակայաններին վառելիք մատակարարելու վրա: