
Ռուսաստանը զենքի մատակարարման ծավալով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը. Պուտին

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառազինության մատակարարման ծավալով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Պուտինի տվյալների համաձայն, առաջին տեղում ԱՄՆ-ն է, որի բաժնեմասը զենքի համաշխարհային շուկայում կազմում է 29 տոկոս, մինչդեռ Ռուսաստանի ցուցանիշը կազմում է 27 տոկոս: Նույն տվյալներով՝ առաջատար հնգյակում են գտնվում նաև Գերմանիան՝ 7 տոկոս, Չինաստանը՝ 6 տոկոս, և Ֆրանսիան՝ 5 տոկոս:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը զենքի մատակարարման գլոբալ շուկայի առաջատարներից է և ամուր հաստատվել է երկրորդ հորիզոնականում: Ռուսական սպառազինության մատակարարման պայմանագրերի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 49 միլիարդ դոլար:
Պուտինի խոսքերով՝ ոչ վաղ անցյալում ստորագրվել են 18 միլիարդ դոլարի երկարաժամկետ պայմանագրեր: