
Facebook-ը գործարկում է սեփական լրատվական գործակալություն

Newsru.com-ի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցը գործարկում է լրատվական գործակալություն, որը ստացել է FB Newswire անվանումը: Վերջինս լրագրողներին հնարավորություն կտա ցանցում գտնել նորություններ և դրանք տարածել ԶԼՄ-ներում: Այս մասին նշված է Facebook-ի տարածած հայտարարությունում:
Նախագծի իրագործմամբ զբաղվում է Storyful ընկերությունը, որը զբաղվում է սոցցանցերի բովանդակության հետազոտման ու դրանց հավաստիության հարցերով՝ ԶԼՄ-ներում դա օգտագործելու համար: Storyful-ի ստուգման մեթոդների կիրառմամբ Newswire-ի տեղեկատվությունը կարող է նորությունների օգտակար աղբյուր հանդիսանալ ԶԼՄ-ների համար:
Facebook-ի տվյալներով՝ ամեն օր ավելի քան մեկ միլիոն մարդ օգտագործում է սոցցանցը՝ մասնակցելով լրատվական հոսքի ստեղծմանը: FB Newswire-ն էլ հավաքելու է սոցցանցի օգտատերերի հանրային գրառումները՝ ներառյալ լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաև կարգավիճակների թարմացումները: