
«Անասունները պղծում են շիրիմները»

Asparez.am-ը գրում է. Լոռու մարզի Շահումյան համայնքի Ալտայ թաղամասում գտնվող գերեզմանատանը հոգեհանգստյան առաջին արարողությունները տեղի են ունեցել 1950-ական թվականներին. գյուղում առաջին հայկական ընտանիքները սկսել են բնակություն հաստատել այդ տարիներից:
Այսօր համայնքի գերեզմանատունը վտանգի տակ է: Այն հայտնվել է սողանքավտանգ գոտում: Խնդիրը բոլորին է հուզում, մտահոգված են թե՛ գյուղացիները, թե՛ գյուղապետը:
-Բոլորիս էլ քաջ հայտնի է էս խնդիրը: Հազար անգամ ցույց ենք տվել, լուսաբանվել է, որ վտանգի տակ ա: Եթե էդ մարդը հարազատ ա կորցրել ու պիտի հողին հանձնի, համապատասխան փոսը փորում են, մինչեւ հաջորդ օրը` թաղման արարողությունը, փոսը լցվում ա ջրով,- պատմում է Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը:
Շուրջ 1 քառ. կմ տարածք կազմող գերեզմանատունը ցանկապատված չէ: Այս դեպքում, բացի սողանքային գոտի լինելուց, գերեզմանատան համար վտանգ են ներկայացնում նաեւ տեղի բնակիչների խոշոր եղջերավոր անասունները:
-Շրջակայքի ապրողները, անասուն պահողները բաց են թողնում իրենց կենդանիներին, տարածքն էլ ցանկապատված չի: Կենդանիներն էլ պղծում են գերեզմանները,-ասում է համայնքի ղեկավարը:
Վերջինիս խոսքով, գերեզմանատան ցանկապատումը համայնքի համար առաջնային խնդիր է: Համայնքի 2014 թվականի բյուջեով նախատեսվում է ցանկապատել տարածքը:
-Բյուջեով նախատեսել ենք, նախագիծ-նախահաշիվ կկազմենք, գոնե էդ ցանկապատման զգալի մասը էս տարվա մեջ կլինի, մնացած մասն էլ մեր ու համայնքի պարտաճանաչ, ազնիվ, հավատարիմ մարդկանց ուժերով կանենք,-նշում է Էդիկ Մանուկյանը:
Ամբողջությամբկարողեքկարդալսկզբնաղբյուրկայքում: