Քեսաբում նեոօսմանների հանցանքները հանդիսանում են հայերի դեմ կատարված հանցանքների շարունակությունը. Սիրիայի խորհրդարան
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավորները հերթական նիստի ժամանակ քննարկել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարցը:
Սիրիացի պատգամավորներն ընդգծել են, որ դա իրականացրել են Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի նախնիները, ով աջակցում է Սիրիայում արյունահեղություն իրականացնող ահաբեկչական զինված խմբավորումներին: Պատգամավորներն ընդգծել են, որ սիրիացիները հայերի նման նույնպես երբեք չեն մոռանա խաղաղ քաղաքացիների դեմ օսմանների կատարած հանցանքների մասին:
Նրանք միջազգային հանրությունից ու ՄԱԿ-ից պահանջել են դատապարտել այդ չարագործությունը՝ ընդգծելով, որ Լաթաքիա նահանգի Քեսաբ քաղաքում Սիրիայի քաղաքացիների դեմ նեոօսմանների հանցագործությունները հանդիսանում են հայերի դեմ նրանց իրականացրած հանցանքների շարունակություն:
Գերազանցապես հայերով բնակեցված Քեսաբն այս տարվա մարտի 22-ինենթարկվել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ մարտնչող զինյալների հարձակմանը: Թուրքիան ոչ միայն խրախուսել է Քեսաբի վրա զինյալների հարձակումը, այլև՝ նրանց տրամադրել է ծանր սպառազինություն: