
Հետախուզական տվյալների շնորհիվ հաջողվել է խոշոր սադրանք կանխել Ուկրաինայի արևելքում. Բրայզա

Ադրեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան Վաշինգտոնում մասնակցել է Ջեյմսթաունի համալսարանի կազմակերպած «Ուկրաինայի ճգնաժամը, Ռուսաստանի քաղաքականությունը, Արևմուտքի պատասխանը» ֆորումի աշխատանքներին:
Իր ելույթում Բրազյան կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ ավելի կոշտ և նպատակամղված պատժամիջոցներ սահմանելուն՝ կարևորելով «Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելը.
«Թեև Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնությունը նվազագույն չափերի է, այնուամենայնիվ զգալիորեն աճել է հետախուզական ծառայությունների համագործակցությունը: Հետախուզական տվյալների շնորհիվ հաջողվել է խոշոր սադրանք կանխել Ուկրաինայի արևելքում:
Հետախուզությունը որսացել է մոտ 200 մարդու սպանության մասին հրամանը, որպեսզի դրանով իսկ առիթ ու արդարացում ստեղծվի Ռուսաստանի ռազմական միջամտության համար»:
Բրայզան զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակի ու 2008 թվականի օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին. «Այն ժամանակ Արևմուտքի կողմից լուրջ պատասխանի բացակայությունը Պուտինին դրդեց նոր ագրեսիայի:
Այսօր ես կարծում եմ, որ նախագահ Սաակաշվիլին ճիշտ էր, երբ որոշեց առանց հաղթանակի հասնելու և օգնություն ստանալու հույսի պայմաններում ռազմական պատասխան տալ ագրեսորին, որը բազմակի գերազանցում էր Վրաստանի ռազմական հզորությունը: Վրաստանի փորձն ի ցույց է դնում, որ Պուտինը նահանջում է միայն այն դեպքում, երբ ստանում է կոշտ պատասխան»: