Բաժիններ՝

Ատելության հենքի վրա կառուցվող ինքնությունը նորանոր հանցանքներ է ծնելու. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Մեկ տարի անց կլրանա խորհրդանշական հարյուր տարին Հայոց ցեղասպանության, այն իրողության, որ ոմանք էթնոցիդ են կոչում, ոմանք՝ ոճիր, ոմանք՝ եղեռն, ոմանք՝ դեպքեր, իրադարձություններ, կոտորածներ, ջարդեր, աքսոր, փախեփախ… 1915թ. ընդամենը կուլմինացիան էր այս երևույթի, որ սկսվել է 1895թ. և շարունակվել մինչև 1922թ.: Այս հրեշավոր հանցագործությունը սկսվել է Օսմանյան կայսրությունում և շարունակվել թուրքական հանրապետությունում՝ թուրքական իշխանությունների ծրագրով: Կուլմինացիոն տարուց՝ 1915 թվականից 99 տարի անց նեօսմանիզմի երազանքներում ճոճվող այս երկրի իշխանության բարձրագույն ներկայացուցիչ Էրդողանը փորձեց ցավակցել այդ թվականի հայ զոհերի հետագա սերունդներին՝ զուգահեռաբար նրանց նախնիների նկատմամբ իրականացված պետական հանցագործությունը քողարկելով նույն պետության կողմից իր իսկ ցանկությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով տառապանքներ կրած մահմեդական բնակչության կորուստներով:

1895թ. պատերազմ չէր, բայց Թուրքիա կոչվող երկրում կոտորվեցին 300.000 հայեր, 1909թ. պատերազմ չէր, բայց նույն երկրում, փոխված իշխանության պայմաններում, երիտթուրքերի կողմից կոտորվեցին 30.000 հայեր, 1918-1922թթ. երրորդ իշխանության՝ Աթաթուրք կոչվողի կողմից շարունակվեցին կոտորածները, իսկ 1918թ. սեպտեմբերին այդ նույն երկրի բանակը Կովկասում՝ Բաքու քաղաքում, կոտորեց 30.000 հայերի… Ամբողջ 20-րդ դարում Թուրքիա կոչվող երկրի ներսում շարունակվեցին այդ երկրում փրկված հայերի հետապնդումները՝ Դերսիմում, Խարբերդում, Սասունում, Ստամբուլում… կրոնափոխ, քրիստոնյա, աթեիստ, թուրք ու քուրդ կոչվող…ողորմելի գոյություն քարշ տվող հատ ու կենտ հայերը աքսորվում էին իշխանությունների կողմից ընդհուպ մինչև քառասնական թվականները, սպանվում ճանապարհներին, անհետանում…

«Հայ» բառը հասցվել է ամենածանր հայհոյանքի մակարդակի: Ամենուր, ուր հասնում է այդ երկրի պաշտոնական իշխանությունների կողմից ուղղորդվող ռազմական ուժը, վերսկսվում, շարունակվում են հայերի կոտորածները, տեղահանությունները…

Այս տարի՝ Քեսաբը: Հարյուր քսան տարի շարունակվում է սա: Այս պետական հանցագործությունների շարքի վերջը չի երևում: Եվ չի երևալու, մինչև ոճիրն իրեն համարժեք պատիժը չստանա: Մինչև ոճիրն իրեն համարժեք պատիժը չստանա, խրախուսվելու է քաղաքական ազգայնականության քողի տակ, «քրդական տեռորիզմի» կազմակերպման մեղադրանքներով: Թուրք քաղաքապետերը, ինչպես Բաբերդի քաղաքապետ, իշխող կուսակցության անդամ Հաջի Ալի Փոլադը, նշելու են «հայերից ազատագրումը» և կոչ են անելու «չմոռանալ վրեժխնդրության մասին» /???/, իսկ տարատեսակ կազմակերպությունները, ինչպես Ստամբուլի «Սոցիալական եւ տնտեսական հետազոտութիւններու հիմնադրամը»,- TESEV, դեռ զեկույցներ են գրելու այն մասին, որ «Հայատեացութիւնը երկար տարիներու ընթացքին դարձեր է թրքական ինքնութեան անբաժան եւ առանցքային բաղադրիչներէն մէկը` թէ՛ պետական մակարդակով, թէ՛ հանրային շրջանակներու մէջ»:

Էրդողաններն ու դավութօղլուները կարող է կրկին խոսեն հայերի ցավի մասին՝ կոչ անելով «հասկանալ նաև իրենց ցավը», բայց երբեք չեն խոսելու հայերի կորուստների մասին՝

-միլիոնավոր կյանքերի կորուստ.
-հայրենիքի կորուստ.
-սեփականության կորուստ.
-որբացած, դաժան մանկություններ.
-որդեկուրույս ծնողների ցավ.
-հաշմանդամություն.
-մտավոր կորուստ, ինտելեկտուալների ոչնչացում.
-արարման հնարավորության կորուստ.
-անցյալի նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների կորուստ.
-էթնիկական դիֆուզիա, էթնիկական մշակույթի ժառանգորդման անհնարինություն.
-ժողովրդագրական կորուստ (հայրենիքում երկու միլիոնն այսօր արդեն կոմպակտ տարածքում ապրող և էթնիկական մշակույթը ժառանգորդած ու շարունակող առնվազն տաս միլիոն մարդ պիտի լիներ).
-նանսենյան անձնագրերով դեգերող փախստականներ.
-Թուրքիայում կենդանի մնացած հայերի մշտական, սերնդե-սերունդ փոխանցվող վախ, նվաստացում, ինքնության թաքցնում.
-մայրենի լեզվի կորուստ.
-Արևելյան Հայաստանի կայացման ահռելի դժվարություններ (որբերով, հիվանդություններով, դիակներով, որբանոցներով, թուրքական բանակի նորանոր կոտորածներով).
-ԽՍՀՄ տարածքում «նախկին թուրքահպատակների» աքսորներ:

Եվ վերջապես էրդողան-դավութօղլուի «մեր ցավին» հաղորդակցվելու կոչին պետք է հիշեցնել «թուրքական ձեռքբերումները».

-Արևմտյան Հայաստանի տարածքը (այն դեռևս «Էրմանիստան» էր մինչև Ցեղասպանությունը).

-Հայերից «ազատված» տարածքներում բալկանյան մահմեդականների և թուրքմենների բնակեցումը.
-Հայ բնակչության ողջ սեփականությունը (ի թիվս այլոց նաև որպես մխիթարություն ոճրագործության գործիք հանդիսացող թուրք սպաների և քրդերի համար. Ստամբուլում, Անկարայում, այլ քաղաքներում ապրող հարուստների զգալի մասի նախնական կապիտալը հայերի ունեցվածքի յուրացումից է սկսվել).
-Տևական ժամանակ «քրդական սեպարատիզմի» զսպումը (Ցեղասպանությանը քրդերի հանցակցության, հայերի ունեցվածքի թալանի, քրդական ցեղասպանության հնարավորության տագնապի և այլ միջոցներով).
-Հայկական ցեղասպանության անպատժելիության գիտակցությունից ցեղասպանական գործողությունների կրկնություններ (Դերսիմ, 1938).
-Թուրք ազգայնականության սնուցումը հայերի նկատմամբ ատելության գաղափարով և «թուրքական ազգային միավորի» կառուցումը «թշնամու դեմ» (այսօր՝ նաև «թշնամի քրդերի դեմ»).
-Բազմազգ և բազմակրոն Թուրքիայի միատարրության ձեռքբերումը՝ ոչ միայն հայ, հույն, ասորի, եզդի էթնիկ միավորների վերացումով, այլև՝ էթնիկական ինքնությունների արգելանքով ու դրանց զարգացման զսպումով.

-Թրքական քաղաքակրթական բարդույթի մեղմումը.
-Այսօր՝ հայկական քաղաքական լոբբինգի դեմ թուրքական էթնիկական միավորման շարունակականության անհրաժեշտության թելադրանքը, միով-բանիվ՝ «թուրք էթնիկ միավորի»ձևավորման մարդատյաց և այլազգատյաց գործիքակազմը…
Շատ են, շատ են «թուրքական ձեռքեբուրումները»:

Բայց Էրդողանին և Դավիթօղլուին հարկավոր է պարբերաբար հիշեցնել, որ «թուրքական հանցավոր էթնիկ ինքնությունը», կազմավորվող թուրք ժողովրդին այլատյացության ալիքի վրա պահելն է այն «մեծ ցավը», որ պետք է ունենա թուրք ժողովուրդը և միջազգային հանրությունը թուրքերի նկատմամբ: Ատելության հենքի վրա կառուցվող ինքնությունը նորանոր հանցանքներ է ծնելու: Ո՞ւմ հետ և ինչպե՞ս կիսի այդ ցավը մարդկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս