
Քեմալականներն աջակցել և միաժամանակ զարմանք են հայտնել Էրդողանի «հայկական» ուղերձի կապակցութամբ

Ulusal Kanal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) աջակցություն է հայտնել Էրդողանի (լրատվամիջոցի բնորոշմամբ) սկանդալային հայտարարությանը՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա երեկվա ուղերձը:
Դրա հետ մեկտեղ ԺՀԿ-ի մոտ հարց է առաջացել, թե ինչու կառավարությունն այդ քայլին գնաց հենց 2014 թվականին՝ իշխանության ղեկին տարիներ շարունակ գտնվելուց հետո (Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի աշնանը):
ԺՀԿ փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն հայտարարել է, որ իրենք կիսում են 1915 թվականի դեպքերի ժամանակ զոհված մարդկանց ցավն ու վիշտը: Ֆարուքի խոսքերով՝ ԺՀԿ-ը ցավակցում է 20-րդ դարի սկզբին բոլոր զոհվածների սերունդներին՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելությունից:
Ֆարուքն ընդգծել է, որ Էրդողանը քաղաքական դրդապատճառներով չարաշահում է պատմությունը: ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ դեռ չի ծանոթացել Էրդողանի ուղերձի բովանդակությանը: