«Գազպրոմը» Ուկրաինային մեղադրել է նախորդ տարի ավելի քան 11 միլիարդ դոլարի գազ չգնելու մեջ
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» ուկրաինական «Նավթոգազին» մեղադրել է «վերցրու կամ վճարիր» (take-or-pay) սկզբունքով կնքված գազային պայմանագրի շրջանակներում 2013 թվականին 11 միլիարդ և 388 միլիոն դոլարի չափով պակաս գազ գնելու մեջ:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսանդր Միլերն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ գազային պայմանագրով, «Նավթոգազը» պետք է նախորդ տարի գներ 41.6 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, սակայն փոխարենը գնել է միայն 12.9 միլիարդ խորանարդ մետր գազ:
Սրանից առաջ էլ «Գազպրոմը» հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարումների դիմաց «Նավթոգազի» պարտքը հասնում է 2.2 միլիարդ դոլարի՝ ներառյալ մարտյան մատակարարումները:
Հիշեցնենք, որ take-or-pay սկզբունքով սկզբունքով ենթադրվում է, որ գազամատակարարը պարտավոր է ապահովել պայմանագրում նշված գազի մատակարարարման առավելագույն ծավալը, իսկ գնորդը պարտավոր է վճարել այդ մատակարարումների դիմաց՝ անկախ նրանից, թե հաշվետու ժամանակահատվածում իրականում որքան գազ է ստացել նա: