Հովիկ Աբրահամյանն զգում է, որ վարչապետական պաշտոնն իր համար կարող է վերածվել մեծ ծուղակի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը երեկ զարմանալիորեն զերծ է մնացել երիտհանրապետականների գնահատականներից, ինչը վերջին շրջանում, այսպես ասած, ավանդույթ էր Քոչարյանի հարցազրույցներից հետո:

Այս անգամ Քոչարյանին պատասխանել են ոչ թե երիտհանրապետականները կամ առաջինը պատասխանել են ոչ թե երիտհանրապետականները, այլ ոչ այլ ոք, քան ինքը՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որին Քոչարյանը համարել էր իր օրոք պաշտոնավարած լավ տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ:

Եվ ահա, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով Քոչարյանին իրեն տրված գնահատականի և բարեմաղթանքների համար, այնուհանդերձ իր պատասխան խոսքում այնքան էլ բարի չի գտնվել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ:

Նախ` Աբրահամյանը զարմանք է հայտնում սահմանադրական բարեփոխումների հետ կապված Քոչարյանի անհամաձայնության առնչությամբ, որը հայտարարում է, որ նման բարեփոխումների անհրաժեշտություն չկա, և հետո` ըստ էության մեղադրում է Քոչարյանին իր պլանների մասին ազնիվ և շիտակ չասելու համար` նշելով, որ Սերժ Սարգսյանն, ի տարբերություն շատերի, ազնիվ և շիտակ ասում է իր պլանների մասին:

Այլ խոսքով` Հովիկ Աբրահամյանն, ըստ էության, մերժում է իրեն ոչ հրապարակային, ներիշխանական ինտրիգների մեջ ներքաշելու արդեն երկրորդ փորձը` ըստ էության նախ մերժելով առաջին նախագահին, և այժմ էլ նույնն անելով երկրորդի հանդեպ:

Մյուս կողմից էլ` Աբրահամյանը Քոչարյանին, ըստ էության, ակնարկում է, որ քանի դեռ ոչ մի բանի մասին նա հստակ չի հայտարարել, առնվազն Աբրահամյանից որևէ հստակ համաձայնություն ակնկալել չի կարող:

Սակայն ինքնին այն հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանը նման օպերատիվ կերպով արձագանքում է և ՀԱԿ-ի հայտարարություններին, և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ըստ էության վկայում է, որ Աբրահամյանը իրականում զգում է, որ վարչապետական պաշտոնն իր համար կարող է վերածվել մեծ ծուղակի, որի մեջ, ըստ որում, ինքը կհայտնվի ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի լարած ինտրիգների արդյունքում»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս