Չի բացառվում, որ շուտով Հովիկ Աբրահամյանը սկսի բարձրաճաշակ երաժշտություն լսել, գրքեր կարդալ. «Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանի սլացքը դեպի վարչապետական աթոռ ապշեցուցիչ է: Երեկ վարչապետի պաշտոնում նրա երկրորդ արարն էր. նիստը նա սկսեց ճիշտ Տիգրան Սարգսյանի կեցվածքով՝ իր մտքերի ու անելիքների մասին խոսելով առաջին դեմքով, ճիշտ այնպես, ինչպես, եթե ինքը գրեր, շարադրեր սեփական տեսակետն ու անձամբ տեղադրեր կառավարության կայքում»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով.

«Նիստը սկսեց կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ տեղեկատվությամբ. «Այսօր ես իմ դիրքորոշումը, մտահոգությունները, պատկերացումները տեղադրել եմ կառավարության կայքում, հանդես եմ եկել ուղերձով, որտեղ շատ հստակ ներկայացված են կառավարության դիրքորոշումները:

Խնդրում եմ ծանոթանալ»: Այսպիսի ինքնավստահությամբ գործընկերների հետ շփվում էր Տիգրան Սարգսյանը, և ոչ մեկը կասկածի տակ չէր դնում, որ նա ուղերձ է գրել, դիրքորոշում ձևակերպել ու անձամբ այն տեղադրել կայքում:

Տպավորություն է, որ Հովիկ Աբրահամյանին ու իր շրջապատին այս ամենը սկսել է դուր գալ, և չի բացառվում, որ իր նախորդից հետ չմնալու համար շուտով նա Ֆեյսբուքում անձնական էջ բացի, կսկսի բարձրաճաշակ երաժշտություն լսել, որևէ գործիքի վրա նվագել, օտար լեզուներ սերտել, գրքեր կարդալ և հովանավորել ինտելեկտուալ խաղեր:

Երեկվա մյուս հաջողությունն էլ այն էր, որ կառավարության շենքի առջև ոչ մեկը սցենար չբեմադրեց, մուկ, կատու կամ այլ ընտանի կենդանիներ չբերեցին: Անգամ ոստիկաններ չկային շենքի տարածքում, որի գլխավոր պատճառը թերևս այն էր, որ նիստի օրը տեղափոխվել էր, և շատերը չգիտեին դրա մասին»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս