Փորձում են ինչ-որ բան անել, բայց բուն խնդիրը չի լուծվի. Վահագն Խաչատրյանը՝ պարտադիրի կասեցման մասին
«Բոլոր հարցերի պատասխաններն ինձ համար վերջնական կլինեն, եթե մինչև սեպտեմբերի 30-ը հստակ փոփոխությունների բերեն: Բայց երբ նայում ենք ՍԴ որոշումը ինչ է հուշում, շատ վտանգավոր միտում կա: Այդ որոշման մեջ հստակ արձանագրվում են, որ խախտվել են մարդու իրավունքները և սեփականության իրավունքը, բայց հստակ հուշում կա, թե ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ՝ պարտադիրը դարձնելով տուրք: Այսինքն, նոր հարկատեսակ է հանդես գալիս տուրքի ձևով, որը ոչնչով չի տարբերվի պարտադիր կուտակայինից, բայց կկոչվի տուրք, նախկին սոցիալական վճարների նման, որոնք պարտադիր կուտակայինի հետ կապված միացվեցին եկամտային հարկին: Խնդիրը պետք է ամբողջության մեջ դիտարկել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ պարտադիր կուտակայինը փաստացի կասեցվում է:
Ըստ նրա՝ այսօրվա քայլը պայմանավորված է նրանով, որ ՍԴ որոշման հստակություն չկա, և դրա տարբեր մեկնաբանությունների արդյունքում կառավարությունը կարող է տույժ-տուգանքները կասեցնել և կարող է չկասեցնել: Խաչատրյանի խոսքով՝ հիմա ինչ-ինչ նկատառումներից ելնելով, որոշել են կասեցնել, բայց նույնիսկ նման որոշում չընդունելու դեպքում տույժ-տուգանք կիրառելը հակասահմանադրական էր ՍԴ որոշումից հետո:
Արդյոք ՀԱԿ-ը կարձագանքի՞ վարչապետի կոչին և կհամագործակցի՞ կառավարության հետ, Վ.Խաչատրյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի դիրքորոշումը միանշանական է, մենք անձերի խնդիր չունենք և անձերով չենք պայմանավորում այսօր ՀՀ տնտեսական ու քաղաքական կյանքում փոփոխությունները: Ընդհանուր համակարգի փոփոխություն պետք է տեղի ունենա: Այսօրվա ՀՀ տնտեսական հարցերի լուծումը տնտեսական եղանականերով չպետք է արվի, քաղաքական լուծում է անհրաժեշտ և հարցը քաղաքական դաշտում է գտնվում: Թե կոչն ում է ուղղված, ես չգիտեմ: Այդ կոչը Հովիկ Աբրահամյանը պետք է ուղղեր այսօրվա իշխանությանը, ՀՀԿ-ին, որ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ նշանակեն: Իրականում ոչ մի հարց, բացի քաղաքականից, այսօր ՀՀ-ում չկա»:
Ամեն դեպքում, ըստ նրա, կուտակայինի մասով ՀԱԿ-ը հայտարարել է, որ հարցը ԱԺ-ում է գտնվում, քառյակը հարցն օրակարգային է դարձնելու, և այդ ժամանակ ՀԱԿ-ն ԱԺ-ում իր մոտեցումները հստակ կասի: Վ.Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց նրան, որ ՍԴ որոշումից ելնելով օրենսդրական փոփոխություն անելու կարիք կա, որը նշանակում է՝ վերացնել պարտադիր կուտակայինը, բայց Հովիկ Աբրահամյանի այսօրվա խոսքում այդ «պարտադիր» բառը կար. «Իրավիճակից ելնելով՝ փորձում են ինչ-որ բան անել, բայց բուն խնդիրը չի լուծվի: Եվ ՀՀ-ում ոչ մի հարց չի լուծվի, քանի դեռ այն քաղաքական լուծում չի ստացել: Դա այնքան պարզ է ու բոլորի համար տեսանելի: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ կառավարությունը փոխվի-չփոխվի, նոր նախարարներ նշանակվեն, այս ամենը խաղ է, որ քաղաքացու և բիզնեսի կյանքում փոփոխություն չի բերի, քանի դեռ կա կոռուպցիա, մենաշնորհների հովանավորչություն, քանի դեռ կա այսօրվա գործող դատական համակարգը, այս համակարգի գաղափարախոսությունը, որ այդ խմբի համակիրների համար է աշխատում: Մնացած բոլոր խոսքերը, փոփոխությունների հայտարարությունները, քաղաքական ուժերին դիմելը, դրանք շղարշ են և հիմնական խնդրի հետ կապ չունեն: Ավելի լավ է հստակ ձևակերպում տային, թե ինչ է նշանակում ՄՄ կամ Եվրասիական միություն: Խոսում են մի քիչ հնչեղություն ունեցող հարցից՝ կուտակայինից, բայց բոլոր հարցերն այնքան են ուշացած, որ վստահություն չեն ներշնչում ոչ բիզնեսի, ոչ քաղաքացիների համար»:
Հարցին, թե ի՞նչ է սպասվում «Դ!ԵՄ ԵՄ»-ին, երբ կուտակայինը սահմանվի տուրքի ձևով, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ պետք է պարզ ներկայացնել, թե ինչ է սպասվում մարդկանց, որովհետև շատերի մոտ սպասում կա, որ պարտադիրը վերացվելու է, բայց այն չի հանվելու և ամեն գնով իրականացվելու է: