Ֆիլմերի ցուցադրություններ` քրեակատարողական հիմնարկներում
Բրիտանական խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ նախաձեռնել է բրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Ապրիլի 15-ից 29-ը մայրաքաղաքի և մարզերի հինգ քրեակատարողական հիմնարկներում ցուցադրվելու են վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր:
Նախաձեռնությունն իրականացվում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում:
«Բրիտանական ֆիլմերի փառատոնն այս տարի անց էր կացվում ներառական հասարակություն ձևավորելու գաղափարի ներքո: Փառատոնի շրջանակում իրականացված մրցույթներն ու միջոցառումները նպատակ ունեին ներգրավելու հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Քրեակատարողական հիմնարկներում ցուցադրությունների շարքը նույն նպատակի շարունակությունն է»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի նպատակն էր բոլորիս ուշադրությունը հրավիրել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին:
«Կարևոր է, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ ընդգրկված լինեն հասարակության սոցիալ մշակութային կյանքին, իրազեկ լինեն տեղի ունեցող գործընթացներին, հաղորդակցվեն այլ մշակութային արժեքների հետ: Ֆիլմերի ցուցադրություններն առաջին նման փորձն էր, որ երբևէ տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում և պետք է ասել, որ այն հաջողել է: Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ազատազրկված անձանց շրջանում»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը:
Ֆիլմերն արդեն ցուցադրվել են «Սևան», «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մինչև ապրիլի վերջ ցուցադրություններ կկազմակերպվեն նաև «Վարդաշեն» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում: Նախաձեռնությանն աջակցել են Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ Արդարադատության նախարարությունը:
Բրիտանական խորհուրդ