Ռոբերտ Քոչարյանը մերժում է Սերժ Սարգսյանի առաջարկը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը արձագանքել է Սերժ Սարգսյանի առաջարկին, որ նա հնչեցրել էր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայտարարություններում և մասնավորապես ասել, որ մեկ անձը չպետք է երկու ժամկետից ավելի երկիր ղեկավարի:
Ակնհայտ էր, որ Սարգսյանը խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու սահմանադրական փոփոխությունների առաջարկով և պաշտոնավարելու ժամկետի վերաբերյալ հայտարարությամբ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանին էր առաջարկում միասին հեռանալ: Եվ ահա, իր ոչպաշտոնական կայքում Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է Սերժ Սարգսյանին:
Եվ եթե այդ պատասխանը ըստ էության ամփոփելու լինենք մեկ նախադասությամբ, ապա ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը մերժում է Սերժ Սարգսյանի առաջարկը և ասում կամ ավելի շուտ՝ ամրագրում կամ վերաամրագրում, որ Սերժ Սարգսյանը պետք է իշխանությունը նախագահական երկրորդ ժամկետից հետո փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, կամ այլ կերպ ասած՝ վերադարձնի իշխանությունը:
Սա է, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի արձագանքի լեյտմոտիվը, և ամենևին պատահական չէ, որ նա խոսում է «խոսքի տերը» լինելու մասին: Այսինքն՝ Քոչարյանը Սերժ Սարգսյանին ակնհայտորեն հիշեցնում է պայմանավորվածությունների մասին:
Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանն էլ իր հայտարարություններում էր հետաքրքրական ակնարկ արել այն մասին, թե անկախ նրանից՝ կընդունվեն իր առաջարկները, թե ոչ, ինքը ըստ էության շարունակում է մնալ ամենամեծ քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի առաջնորդը, և իրենք կշարունակեն իրենց դերակատարումը երկրի քաղաքական կյանքում:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանն էլ ակնարկել էր Քոչարյանին, որ եթե նա մերժի, ապա միևնույն է՝ ինքը մտադրություն չունի իշխանությունը վերադարձնել Քոչարյանին: Այսպիսով, ըստ էության, սա նշանակում է, որ մենք մտնում ենք Քոչարյան-Սարգսյան դիմակայության մի նոր փուլ, արդեն՝ եզրափակիչ փուլ»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։