«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակը` Քոչարյանի հույսերի և մտադրությունների մասին
«Երկրորդ նախագահը պետք է ընդունի, որ այսօրվա արատների մի զգալի մասն արմատավորվել կամ սկիզբ է առել հենց իր պաշտոնավարման ժամանակաշրջանում: Եթե նա խոսում է քաղաքական դաշտի դեգրադացման մասին, ապա դեգրադացման նշանը ոչ այնքան իր նշած գործընթացն է` Սահմանադրության վերաձևումը` հանուն քաղաքական գործիչների ընթացի շահերի, որքան գործող քրեաօլիգարխիկ, կոռումպացված, կլանային համակարգը, որն իր ծաղկման շրջանին է հասել և շարունակում է փթթել` հենց իր ժամանակաշրջանից սկսած»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` գնահատելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը:
Հովսեփ Խուրշուդյանի խոսքերով` սա առաջին դեպքը չէ, երբ Ռոբերտ Քոչարյանը գործող իշխանության հասցեին քննադատությունների միջոցով փորձում է սահմանազատվել Սերժ Սարգսյանի իշխանությունից, նույնիսկ մի փոքր ընդդիմադիր կեցվածք ընդունել: Թեև մեր զրուցակիցը կասկածում է, որ Ռոբերտ Քոչարյանը կընդուներ իրեն ընդդիմադիր որակելը: «Այն, որ ինքը հույս ունի, թե որևէ սահմանադրական բարեփոխում չի կարող սահմանափակել իր հնարավորութունը` երրորդ անգամ նախագահի պաշտոնին առաջադրվելու համար, որի մասին նա ակնարկում, թե Սահմանադրությունում նման փոփոխությունը «հետադարձ ուժ չի ունենալու», նաև հուշում է իր մտադրությունների մասին, որը մենք պետք է նկատի ունենանք և մեր քաղաքականությունը մշակելիս` համապատասխան դիրք ընդունենք»,- ասաց Հ. Խուրշուդյանը: Նրա կարծիքով` Քոչարյանի նոր հարցազրույցն ավելի շատ նախապատրաստական աշխատանք է` ակտիվացման փորձ անելու համար, որքան ակտիվացում, քանի որ հարցազրույցներ տալը դժվար է համարել իրական քաղաքական ակտիվացում: Իսկ ակտիվացումն ավելի լուրջ քաղաքական քայլեր է ենթադրում:
Ոչ իշխանական ուժերից մի քանիսը Ռոբերտ Քոչարյանի նման դեմ են արտահայտվել իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, թեև ուժերից յուրաքանչյուրը տարբեր պատճառաբանություններ է նշել, ինչո՞վ է դա բացատրվում: Պատասխանելով այս հարցադրմանը` Խուրշուդյանն ասաց. «Ճիշտ նշեցիք, որ հիմնավորումների տարբերություն կա: Մենք էլ ենք այն ուժերից, որոնք չեն ընդունում այս պահին սահմանադրական փոփոխություններ անելու իշխանությունների առնվազն իրավասությունը: Մենք միշտ հայտարարել ենք, որ կողմնակից ենք խորհրդարանական հանրապետության անցմանը, և այդ իմաստով` երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, և ժողովրդավարական ճանապարհով իրոք ձևավորվեց ժողովրդի իշխանություն, այդ ժամանակ չենք կարծում, որ ժամանակավրեպ կլինի նման սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը, բայց ոչ իհարկե այն ձևաչափերով և այն համատեքստում, որ առաջարկել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը»:
Քոչարյանն այս քայլով փորձում է նույնանա՞լ ընդդիմադիր ուժերի հետ: «Մինչ այժմ Քոչարյանի կողմից չեմ տեսել ցանկություն` ընդդիմադիր դիրք ընդունելու, բայց որ ամեն կերպ ուզում է դիստանցավորվել Սերժ Սարգսյանի իշխանությունից… Ինձ մոտ ստեղծվում է այն տպավորությունը, որ ինքն էլ է հասկանում, որ գործող իշխանությունը երկար հեռանկար չունի, այսինքն` կարճաժամկետ կտրվածքի գործող իշխանություն է: Կարծում եմ` մոտ ապագայում այս իշխանությունն առնվազն կտրանֆորմացվի, եթե իշխանափոխություն տեղի չունենա արմատական և համակարգային ձևով, ինչպես մենք ենք փորձելու իրականացնել»,- ի պատասխան մեր հարցին` ասաց նա:
Իսկ մեկ այլ հարցի, որ, փաստորեն, «Ժառանգությունը» բացառո՞ւմ է համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, Հ. Խուրշուդյանն այսպես պատասխանեց. «Ես պաշտոնապես նման հայտարարություն չեմ կարող անել, որովհետև նման հարց կուսակցության վարչությունում ընդհանրապես չի էլ քննարկվել, բայց ես կարող եմ իմ մոտեցումը ասել, որ, այո´, ինձ համար անընդունելի կլինի նման համագործակցությունը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ամենաքիչը պատասխանատու է Մարտի 1-ի համար, եթե անգամ անտեսենք այն, որ նա այս արատավոր համակարգի գլխավոր հիմնադիրներից մեկն է»: