
Սիրիացի ապստամբները ստացել են ամերիկյան հակատանկային հրթիռներ. Wall Street Journal

Ամերիկյան Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ամերիկյան արտադրության ժամանակակից հակատանկային հրթիռների ոչ մեծ խմբաքանակ են ուղարկել սիրիական ապստամբական խմբավորումներին:
Դա իրականացվել է փորձնական ծրագրի շրջանակներում` դիտարկելու համար սպառազինության առավել մասշտաբային մատակարարումների իրականացման հնարավորությունը:
Ապստամբներին զենք մատակարարելու նոր փուլն իրականացվում է այս տարվա հունվարին Ժնևյան բանակցությունների ձախողման և Սիրիայի կառավարական զորքերի վերջին հաջողությունների ֆոնին: Այժմ Արևմուտքը ցանկանում է վերակազմավորել իր աջակցությունը վայելող զինյալներին, որպեսզի նրանցից ձևավորի արդյունավետ ռազմական ուժ:
Բացի այդ, տվյալ միջոցները պետք է տան այն հարցի պատասխանը, թե արդյոք ԱՄՆ-ը կարո՞ղ է հուսալի գործընկերներ գնել ապստամբների թվում, որոնք ի վիճակի չեն լինի թույլ տալ, որ ժամանակակից զենքն ընկնի ծայրահեղականների ձեռքը:
ԱՄՆ-ը վաղուց մտավախություն ունի, որ եթե սկսի բարձրտեխնոլոգիական զենքի մատակարարում, ապա այն կարող է հայտնվել «Ալ-Քաիդայի» հետ կապված արմատական խմբավորումների մոտ, որն իր բազաներն է ստեղծել ընդդիմության վերահսկած տարածքներում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Սիրիական ճգնաժամում վրա է հասել շրջադարձային պահը՝ հօգուտ իշխանությունների: