Բաժիններ՝

Թուրքիայում միավորվում են քրդամետ երկու խոշորագույն ուժերը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ` միավորվում են քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» (BDP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները (HDP):

BDP-ը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) չորրորդ խոշոր քաղաքական ուժն է և ունի 26 պատգամավորական մանդատ, իսկ HDP-ը` հինգերորդ քաղաքական ուժը և 8 պատգամավորական մանդատ:

Ապրիլի 18-ին BDP-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել երկու կուսակցությունների պատգամավորների համատեղ նիստը, որի արդյունքներով` որոշվել է, որ BDP-ի պատգամավորները պետք է ներառվեն HDP-ի կազմում: Երկու կուսակցությունների միացյալ ուժը գործելու է HDP-ի հովանու ներքո:

Հունիսին նշանակված է երկու կուսակցությունների համագումարի գումարումը և համաձայն ընդունված որոշման, BDP-ը պաշտոնապես չի արձակվի, սակայն նախատեսվում է, որ համագումարի արդյունքներով BDP-ի անդամ քաղաքապետերը կհամալրեն HDP-ի կազմը:

Հիշեցնենք, որ  HDP-ը ստեղծվել է 2012 թվականի հոկտեմբերի 15-ին: Քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջարկով ստեղծված և քուրդ կարկառուն գործիչներով համալրված HDP-ը նպատակադրվել է իրենում միավորել քրդական ու ձախակողմյան մի շարք կուսակցությունների` խլելու համար հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ձայները:

2012 թվականի հոկտեմբերի 26-27-ին Անկարայում անցկացված HDP-ի համագումարում, որն անցավ «Սա միայն սկիզբն է» կարգախոսի ներքո, HDP-ը գործարկեց ՏԻՄ ընտրություններում իր ընտրական կամպանիայի ռազմավարությունը` «BDP-ը` Արևելքում, HDP-ը` Արևմուտքում»: Համագումարում ընթերցվեց Օջալանի նամակը, որում նա HDP-ն անվանել է քուրդ ժողովրդի ժողովրդավարականպայքարի շրջադարձային պահ:

HDP-ի ասամբլեայի անդամ Բիրքան Յորուլմազի կարծիքով՝ HDP-ը կարող է ընտրություններում ստանալ ԺՀԿ-ի քվեները, որի օգտին շատերը հարկադրաբար են քվեարկել, քանի որ չի եղել այլընտրանք՝ հավելելով, որ ԺՀԿ-ը ստանում է ալավիների քվեների մոտ 60%-ը, և HDP-ը ցանկանում է փոխել այդ իրավիճակը:

HDP-ը ցանկանում է լցնել Թուրքիայի քաղաքական ձախ թևում առաջացած վակուումը, սակայն ձախ շրջանակները որոշակի մտավախություններ ունեն HDP-ի հարցում, ինչը կապված է Օջալանի ազդեցության հետ. շատերը նրան չեն ցանկանում տեսնել ընդդիմության համախմբման վերևում:

Թուրքական մամուլը նշել է, որ HDP-ն Օջալանի կողմից ստեղծվել է հատուկ ալավիների ձայները ստանալու նպատակով: Ընդ որում, BDP-ը և HDP-ն ունեն 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում միավորվելու պլան` թեև նրանց միջև առկա են որոշակի տարաձայնություններ:

Ի դեպ, 2013 թվականի նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Թուրքիայի անվտանգության ծառայություններն ու հետախուզությունը համապարփակ և մասշտաբային վերլուծության են ենթարկել նույն թվականի մայիսի 28-ից մինչև սեպտեմբերի առաջին շաբաթը Ստամբուլի «Գեզի» այգու համար կազմակերպված բողոքի ակցիաները:

Զեկույցում նշված էր, որ 112 օր տևած բողոքի ակցիաների մասնակիցները 78 տոկոսը հանդիսանում են ալավիներ: Ալավիներին խստապես զայրացրել է այն, որ Ստամբուլում Բոսֆորի նեղուցի վրայով կառուցվող երրորդ կամուրջը պետք է կրի օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի (1512-1520թթ.) անունը, որն իր ժամանակին սպանդի է ենթարկել ալավիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս