Ընկերոջը դանակով հարվածելու մեջ մեղադրվող 16-ամյա տղայի նկատմամբ փորձաշրջան է սահմանվել

16-ամյա տղան դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել ընկերոջը դանակով հարվածելու մեջ: Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել, որ դասաժամից իրեն դուրս հրավիրելու պատճառը պարզելու համար դասասենյակից դուրս է կանչել ընկերոջը՝ ասելով, «դուրս գանք, դասը չխանգարենք»:

Ըստ մեղադրանքի՝ տեղին չհամարելով իրեն արված դիտողությունը, 16-ամյա տղայի ընկերը դպրոցի 3-րդ հարկի միջանցքում վիճաբանել է նրա հետ։ Ըստ մեղադրանքի՝ դասերը չխանգարելու համար նրանք մտել են այլ ազատ դասասենյակ, շարունակել են վիճաբանել, հրել ու քաշքշել միմյանց, իսկ ներկա գտնվողները փորձել են բաժանել ու հանդարտեցնել նրանց։

Համաձայն մեղադրանքի՝ 16-ամյա տղան, լինելով փոքրամարմին և ունենալով ֆիզիկական թույլ տվյալներ, վախենալով, որ ընկերն իրեն կծեծի, պաշտպանվելու նպատակով բաճկոնի գրպանից հանելով ծալովի դանակը` դիտավորությամբ դրանով երկու անգամ հարվածել է նրա որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք։

Ըստ մեղադրանքի՝ նույն պահին ներկաներից մեկը 16-ամյա տղայի ձեռքից վերցրել է դանակը, իսկ վերջինս զղջալով կատարածի համար` ներողություն է խնդրել ու ներկաների հետ միասին անմիջապես վիրակապել ընկերոջը, ով ապտակել է 16-ամյա տղային, պահանջել հեռանալ, իսկ վերջինս դուրս է եկել դպրոցի բակ:

16-ամյա տղան մինչև ուշ երեկո շրջել է քաղաքում, այնուհետև գնալով տուն` կատարվածի մասին հայտնել է հորը և նրա հետ միասին նույն օրը ներկայացել է Ոստիկանության` ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը։

Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այս հանգամանքները:
Որպես 16-ամյա տղայի պատասխանատվությունը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ՝ դատարանը դիտել է այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, մեղայականով ներկայացել, ակտիվորեն աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, անչափահաս է, հանցանքի կատարումը պայմանավորվել է տուժողի հակաօրինական և հակաբարոյական գործողություններով և հանգամանքների պատահական զուգորդման հետևանք է: Հանցագործությունից անմիջապես հետո օգնություն է ցույց տվել տուժողին ու վիրակապել, բնութագրվում է դրականորեն, նախկինում արատավորված չի եղել, վատառողջ է, տուժողն ու նրա օրինական ներկայացուցիչը դատարանին հայտնել են, որ ամբաստանյալի հետ հաշտվել են, երեխաները ներկայումս ընկերներ են, հատուցվել են տուժողի բուժման ծախսերն, ու նա ամբողջությամբ ապաքինվել է, ամբաստանյալի նկատմամբ քաղաքացիական հայցի կամ որևէ այլ պահանջ կամ բողոք չունեն, ու դատարանից խնդրել է վերջինիս նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:
Առաջին ատյանի վճռով՝ 16-ամյա տղան դատապարտվել է 2 տարի 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման:

Պատիժը պայմանականորեն չի կիրառվել. տղայի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Նշենք, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտելու հրապարակումից մեկ ամիս անց:

Տեսանյութեր

Լրահոս