ՀՔԾ-ն պարտակում է Կ. Բաբակեխյանի եւ Ա. Կարապետյանի՝ «խոշտանգումների փաստով» քրեական գործերը. ԳԱԼԱ
Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նկատմամբ հարուցված երկու քրեական գործերն էլ Հատուկ քննչական ծառայությունը որոշել է կասեցնել: ՀՀ ՔՕ 309 եւ 315 հոդվածներով հարուցված քրեական գործերը հարուցվել էին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանության գործով մեղադրվող եւ ՇՄ առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր ճանաչված Հարություն Սարգսյանի հայտարարություններից հետո:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Հարություն Սարգսյանը հենց սկզբից էլ հայտարարել էր, որ հիշյալ անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ, դաժան ծեծի են ենթարկել նախաքննության ընթացքում Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի աշխատասենյակում եւ ստիպել են Հարություն Սարգսյանին, որպեսզի վերջինս «իր վրա վերցնի» Կարեն Եսայանի սպանությունը:
Դատարանում եւս Հարություն Սարգսյանը նման հայտարարությամբ էր հանդես եկել՝ պատմելով մանրամասներ իր նկատմամբ գործադրված բռնությունների մասին: Հարություն Սարգսյանը հայտարարել էր.
«Սենյակ եկան Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, քաղաքացիական հագուստով 2 մարդ: Դրանցից մեկին չեմ հիշում, բայց մյուսին հետո իմացա, որ քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն էր (Երեւանի ներկայիս ոստիկանապետը): Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեց, անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր, թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկեցրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը…»:
Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ Հարություն Սարգսյանը առերես եւս պնդել է, թե ովքեր են բռնություն կիրառել իր նկատմամբ:
Հարուցված քրեական գործերը, Լ. Սահակյանի խոսքով, կարճվել են, փոխարենը տարածվել է երեք որոշում: Դրանցից մեկը ենթադրում է, որ քրեական գործ է հարուցվել առանձին եւ Շիրակի մարզ է ուղարկվել: «Իբրեւ Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն են գործադրել Վարդան Ղուկասյանի կողմնակիցները: Հասանալի է, թե սա ինչու համար է արվել, որովհետեւ Հ․ Սարգսյանը ուներ մարմնական վնասվածքներ եւ քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով, իբրեւ թե ոստիկանները նրա նկատմամբ բռնություն չեն գործադրել: Պետք է այդ մարմնական վնասվածքներին պատասխան տրվեր, վստահ եմ, որ որեւէ ապագա չի ունենալու նաեւ այդ քրեական գործը, բացի դրանից, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել Ա. Կարապետյանի, Կ. Բաբակեխյանի եւ Վահրամ Ենգոյանի նկատմամբ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս երեք անձինք բռնություն չեն գործադրել Հ․ Սարգսյանի նկատմամբ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: