Հովիկ Աբրահամյանը երևի տեղ է բացում Արփինե Հովհաննիսյանի համար. «Ժամանակ»

«Ժամանակը» իր այսօրվա խմբագրականում գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ ևս երկու նշանակում է կատարել կառավարության նոր կազմում:

Այսպես, նշանակվել կամ վերանշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որը դրանից մեկ օր առաջ դուրս էր եկել կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ի կազմից և պահպանել նախարարական աթոռը:

Իսկ ահա մյուս նշանակումը նոր է, և վերստին կառավարության կազմ է վերադառնում Դավիթ Հարությունյանը, սակայն ոչ որպես արդարադատության նախարար, ինչպիսին եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք մինչև 2007 թվականը: Այլ որպես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Սա, ըստ էության, կարելի է ասել Դավիթ Հարությունյանի համար պաշտոնի որոշակի իջեցում է կամ այսպես ասած` աստիճանամակարդակի իջեցում:

Խնդիրն այն է, որ արդարադատության նախարար եղած Հարությունյանը հետո պատգամավոր էր, պետաիրավական հարցերի կարևոր հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար:

Այսինքն` սա էլ իր հերթին քաղաքական կարևոր ֆունկցիա է, որ դրված էր Հարությունյանի վրա: Եվ ահա, սրանից հետո Հովիկ Աբրահամյանի կառավարությունում աշխատակազմի ղեկավար նախարարը զգալիորեն ցածր դասի պաշտոն է: Մյուս կողմից, սակայն, այստեղ տեղի է ունենում կամ առկա է հետաքրքիր մեկ այլ նրբերանգ:

Աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը հանդիսանում է, ըստ էության, վարչապետին կից պաշտոն, այսինքն` սա հանդիսանում է վարչապետի համար վստահելի մարդու պաշտոն: Եվ այստեղ ԵԽԽՎ-ում բավական հաջող պրակտիկա ունեցող Դավիթ Հարությունյանի նշանակումն, ըստ էության, կարող է ենթադրել Հովիկ Աբրահամյանի համար, այսպես ասած, եվրոպական ուղղությամբ հաջողակ և Եվրոպայում ընկալելի քաղաքականություն` Եվրոպա-Հովիկ Աբրահամյան կապն ապահովող:

Իսկ մենք գիտենք, որ Հովիկ Աբրահամյանը, մեղմ ասած, ընկալելի պաշտոնյա չէ Եվրոպայում, և այս առումով նրան, իհարկե, Դավիթ Հարությունյանը շատ պետք է: Մյուս կողմից` այսպես Հովիկ Աբրահամյանը երևի թե տեղ է բացում իր ֆավորիտուհու՝ ՀՀԿ-ական պատգամավորուհի, ԵԽԽՎ պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանի համար՝ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար դառնալու հեռանկարով:

Սրան զուգահեռ` Դավիթ Հարությունյանի նշանակումը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում ունի ևս մեկ առանձնահատկություն, հետաքրքրական կողմ:

Խնդիրն այն է, որ այս պաշտոնն, ըստ էության, իներտ պաշտոն է և այստեղ սովորաբար լինում են քաղաքական հավակնություն չունեցող գործիչներ: Եվ այս իմաստով, Դավիթ Հարությունյանը այս պաշտոնի համար իսկապես կալիբրով քաղաքական գործիչ է, հավակնություններով, պաշտոնի համեմատ նույնիսկ խարիզմայով քաղաքական գործիչ:

Եվ ահա, վարչապետին, ըստ էության, կից պաշտոնին նման գործչի նշանակումը նաև հետաքրքրական դուալություն է առաջացնում կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյան և Դավիթ Հարությունյան: Եվ եթե Հարությունյանը մի ձեռքով օգնելու է Աբրահամյանին Եվրոպայի ուղղությամբ, ապա մյուս ձեռքով էլ երևի թե Հարությունյանը բոլոր ուղղություններով վերահսկելու է Աբրահամյանին:

Ասել կուզի` այս նշանակումն, ըստ էության, երևի թե ամենաառանցքայիններից մեկն է նոր կառավարությունում և վկայում է այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու անընդհատ աշխատել աչքը հետևը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս