Հրապարակվեց տուժող Տաթևիկ Հակոբյանի դատաբժշկական փորձաքննությունը (տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր սկսվեց գործի ապացույցների հետազոտումը: Առաջինը հրապարակվեց տուժող Տաթևիկ Հակոբյանի դատաբժշկական փորձաքննությունը: Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ գործով քննիչը նշել էր. «Քննարկելով Եղվարդ-Երևանի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում տեղի ունեցած ավտովթարի նախապատասրատված նյութերը՝ պարզեց. 2013թ. հոկտեմբերի 20-ին ժամը 22:10-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Վարդան Եղիշի Պետրոսյանը «ԲՄՎ-320» մակնիշի 04  920 պետմարանիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող Արթուր Մարտիրոսի Հակոբյանի կողմից վարած «Վազ 21214» մակնիշի, 870 64 պետհամարանիշի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով վարորդ Հակոբյանը, նրա ուղևորներ եղբայրը՝ Հայկ Հակոբյանը, նրանց երեխաները՝ Էդվարդ Հակոբյանը, Տաթևիկ Հակոբյանը, Էմմա Հակոբյանը, Էդգար Հակոբյանը, ինչպե նաև  «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Եղիշի Պետրոսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ, որտեղ Էդվարդ և Էդգար Հակոբյանները գիտակցության չգալով մահացել են»:

Նկատի ունենալով, որ Տաթևիկ Հակոբյանի ստացած մարմնական վնասվածքների հետ կապված մի շարք հարցերի պարզաբանման համար անհրաժշետ է դատաբժշկության բնագավառի մասնագիտական գիտելիքներ՝ քննիչը որոշում էր կայացրել դատաբժշկական փորձաքննություն նշանակել:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Վ. Պետրոսյանը դուրս է եկել կողնակ, որտեղ էլ տեղի է ունեցել ավտովթարը, սակայն փորձաքննություն նշանակելու արձանագրության մեջ նշված է, որ՝ Վ. Պետրոսյանը բախվել է համընթաց ընթացող «Նիվա» մակնիշի ավտոմեքենային: Պաշտպանի խոսքով՝ մինչ այդ կազմված փաստաթղթերում ներկայացրել է, թե դեպքը տեղի է ունեցել կողնակի վրա. «Չի կարող ընթացող ավտոմեքենան կանգնած լինել, չի կարող համընթաց ընթացողը լինել կողնակում»:

Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ասաց, որ փորձաքննություն նշանակելու մասին որորշում կայացնելիս դեռ որևէ անձ հարցաքննված չի եղել և որևէ պարզված, հաստատված հանգամանք չի եղել:

Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, որ ինքն ընդհանրապես համաձայն չէ պաշտպանական կողմի դիրքորոշման հետ: Նրա խոսքով մինչև նշված որոշումը հարցաքննություններ չեն եղել. «Եթե ընդունենք պաշտպանական կողմի տարբերակը, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հողածածկ գոտուց հետընթացով դուրս է եկել երթևեկելի մաս, ապա այս դեպքում էլ համընթաց լինել չի կարող:

Համընթաց բառը ձևականորեն է այստեղ օգտագործված: Ես կբացատրեմ, եթե անհրաժեշտությունը կա: Համընթաց նշանակում է, որ երկու մեքենաներն ընթացել են նույն ուղղությամբ, այսինքն՝ եթե դուք մտածում եք… հետընթացը համընթացի հետ կապ չունի: Այստեղ պարզ երևում է, որ քննիչն ուղղակի ձևականորեն է օգտագործել այս բառը և չի կարելի զբաղվել բառախաղով»:

Դատաբժիշկը նշել էր ստացած մի շարք վնասվածքներ, ըստ նրա՝ տուժողը ստացել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարակումից հետո Ռուբեն Բալոյանը միջնորդեց նշանակել լրացուցիչ փորձաքննություն: Նրա խոսքով՝ տուժող Տաթևիկ Հակոբյանին փորձաքննության ենթարկելիս փորձագետը որոշել է նրա մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը, սակայն անդրադարձ չի կատարվել ֆունկցիայի խանգարմանը:

Կարծիք հայտնելով միջնորդության մասին՝ Վ. Պետրոսյանն ասաց, որ Տաթևիկ Հակոբյանի առողջությունը հետաքրքրում է և իրեն, և իր ընտանիքին: Նրա խոսքով՝ երբ վերջինս դեռ հիվանդանոցում է եղել, իր ընտանիքի անդամները հանդիպել են Տաթևիկի ընտանիքի անդամերի հետ, իր ընտանիքի անդամներն ամերիկյան բժիշկների օգնություն են առաջարկել, սակայն պատասխան են ստացել, որ այստեղ այդ ժամանակ եղել են ամերիկյան բժիշկներ: Ըստ Վարդան Պետրոսյանի՝ որոշ ժամանակ անց «մի պահ է եղել», երբ երկու ընտանիքները հանդիպել են, և կարծես սկսել են հաշտության եզրեր գտնել. այդ ժամանակ ևս, նրա խոսքով, քննարկվել է Տաթևիկ Հակոբյանի հարցը:

«Հանդիպումից հետո Հակոբյանների թույլտվությամբ մենք հանդիպել ենք վիրաբույժներին, վիրահատող բժիշկներին, որոնք ասել են, որ կատարել են կատարյալ վիրահատություն, որի համար և բազմաթիվ անգամ ստացել են Հակոբյան ծնողներից խորին երախտագիտություն: Իհարկե, վիրահատությունը լավ է կատարված, բայց պետք է բուժման շատ կարևոր, ռեաբիլիտացիոն ընթացք անցնի: Եվ ամենավերջում ուզում եմ ասել՝ մենք, իհարկե, դրան կողմ ենք, և այդ ժամանակ էլ անմիջապես օգնություն է առաջարկվել: Իմ առաջին դատի օրը (որը հետաձգվեց) հանդիպում նորից եղել է, և եղել է խոսակցություն այն մասին՝ ինչպիսին էլ լինի իմ դատավճիռը, պատրաստ ենք օգտակար լինել Տաթևիկի բուժման համար: Հիմա ինձ ուղղակի (սա դիրքորոշում է) ապշեցնում է մի հանգամանք՝ ինչու հոկտեմբերից սկսած մեր կողմից մի գործընթաց, որն անընդհատ ձեռք էր մեկնում Տաթևիկի առողջությանը, անընդհատ մերժվեց և ինչո՞ւ հանկարծ այսօր դա դուրս ցայտեց միջնորդության ձևով: Ինչո՞ւ: Չէ՞ որ դա հնարավոր էր»:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը միջնորդությունը բավարարեց մասնակի. Ռ. Բալոյանի առաջարկած հարցերի մի մասը դատարանն առաջադրեց փորձագետին:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը 14:00-ին:

Տեսանյութեր

Լրահոս