Ում է Սերժ Սարգսյանը հանձնում իշխանությունը
Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարեց, որ Դաշնակցությունը մաս չի կազմելու նոր կառավարությանը: Երեկ նույնպիսի հայտարարություն արեց կոալիցիայի արդեն նախկին անդամ «Օրինաց Երկիր» կուսակցությունը: Մյուս ընդդիմադիր ու/կամ ոչ իշխանական ուժերը ևս հայտարարել են նոր կառավարությանը մաս չկազմելու մասին:
Այսպիսով, գոնե այս պահին՝ պաշտոնական հայտարարությունների մակարդակով, կառավարություն է ձևավորելու մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն՝ միայնակ: Եթե վարչապետի նշանակմանը հաջորդող 20-օրյա ժամկետում՝ մինչև նոր կառավարության ձևավորումը, կուլիսային գործընթացների արդյունքում իրադրությունը չփոխվի, ու իշխանությունը չկարողանա համոզել/գայթակղել խորհրդարանական խմբակցություններ ունեցող քաղաքական ուժերին:
Իսկ իշխանությունը նման շահագրգռություն պետք է ունենա. կոալիցիայի կամ որևէ այլ անվան տակ կոալիցիոն սկզբունքով պառլամենտական ուժերի ընդգրկումը կառավարության կազմում օդ ու ջրի պես անհրաժեշտ է իշխանությանը: Այլապես, եթե նոր կառավարությունը ձևավորի միայն ՀՀԿ-ն, այդ օրը կարելի է համարել իշխող ՀՀԿ-ի կողմից իշխանության հանձնման գործընթացի մեկնարկի օր:
Եթե նոր կառավարությունը պաշտոնավարի մինչև 2017 թվականը, ապա խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն, մեծ հավանականությամբ, կկորցնի մեծամասնությունը: Ընդ որում՝ միանգամայն սահմանադրական ճանապարհով:
Կառավարության փոփոխության, ընդհանրապես քաղաքական գործընթացների քննարկումներից դուրս է մնում կարևորագույն մի հարց, որից կախված է իշխանությունը պահպանելու կամ կորցնելու հնարավորությունը: Խոսքն ընտրական հանձնաժողովների տեղերի բաշխվածության մասին է: Գործող Ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձանաժողովները, այսինքն՝ բուն ընտրական գործընթացը կազմակերպող հանձնաժողովները, կազմավորվում են խորհրդարանական խմբակցություններ ունեցող քաղաքական ուժերի մեկական անդամից և ընտրատարածքային հանձնաժողովների նշանակած երկու անդամից, որոնք, հայտնի է՝ համարվում են նախագահի կամ իշխանության անդամները: Գործող խորհրդարանում կա վեց խմբակցություն՝ ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն»:
Ընտրական հանձնաժողովներն այսպիսով ձևավորվում են վերջիններիս մեկական անդամներից և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից նշանակվող ևս երկու իշխանական անդամից: Ու ստացվում է, որ եթե նոր կառավարությունը չլինի կոալիցիոն, այսինքն՝ ՀՀԿ-ն քաղաքական գործընկեր չունենա, առաջիկա որևէ ընտրություն, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և 2017 թվականի ԱԺ ընտրությունները, անց են կացվելու 8 անդամից բաղկացած հանձնաժողովներում, որտեղ ՀՀԿ-ն լինելու է փոքրամասնություն՝ 3-ն՝ ընդդեմ 5-ի:
Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ եթե ոչ իշխանական ուժերի միջև որևէ ձևաչափով համագործակցություն տեղի ունենա, ապա ՀՀԿ-ն սահմանադրական ճանապարհով կկորցնի նախ՝ խորհրդարանական մեծամասնությունը, ապա՝ նաև նախագահի պաշտոնը: Իսկ մինչ այդ կայանալիք սահմանադրական հանրաքվեն կունենա այն արդյունքը, ինչ կցանկանան ոչ իշխանական ուժերը: Իսկ նրանք, առայժմ բացառությամբ Դաշնակցության, դեմ են հանրաքվեին, այսինքն՝ կողմ են գործող կիսանախագահական համակարգի պահպանմանը:
Ու եթե առաջիկա խոշոր քաղաքական իրադարձությունները տեղի ունենան նախանշված սցենարով ու հրապարակված ժամկետներում, այսինքն՝ 2015-16 թվականներին կայանա սահմանադրական հանրաքվեն, 2017-ին՝ խորհրդարանական ընտրությունները, ապա՝ գործող կառավարման կարգի պահպանմամբ՝ նախագահի ընտրությունները 2018 թվականին, ՀՀԿ-ն, կրկնում ենք, կկորցնի պառլամենտական մեծամասնությունը և նախագահի պաշտոնը:
Հասկանալի է, որ անգամ Սիցիլիայի քրեական հեղինակությունները չեն կարողանա կեղծել ՀՀԿ-ի համար, եթե հանձնաժողովներում հակառակորդները մեծամասնություն ունենան:
Այսպիսով, ստացվում է, որ ՀՀԿ-ն կանխամտածված հանձնո՞ւմ է իշխանությունը:
Դժվար է հավատալ: Ակնհայտ է, որ այս պարզագույն հաշվարկները կատարվում են նաև իշխանական աշխատասենյակներում, ու ընտրությունները մինչև վերջին մեռյալ հոգին հաշվող իշխանությունը հազիվ թե չկարողանա ուրվագծել այս հեռանկարը: Հետևաբար՝ պետք է ենթադրել, որ իրականում տեղի է ունենում գործընթաց, որի նպատակներն այս պահին այնքան էլ տեսանելի չեն: Այսինքն՝ մեծ հավանականությամբ, Սերժ Սարգսյանն ինչ-որ կոմբինացիաներ ենթադրող երկարաժամկետ օպերացիա է իրականացնում:
Այլապես Արթուր Բաղդասարյանին չէր գործուղի նախկին աշխատանքին՝ ընդդիմություն աշխատելու:
Դժվար է ասել, հատկապես ինչը կարող է լինել այդ օպերացիայի նպատակը: Միանշանակ կարելի է պնդել միայն՝ ամեն ինչ, բացի իշխանության հանձնումից: Շատ ավելի հավանական է, որ Սերժ Սարգսյանն իրականում հաշվելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տապալման հնարավորությունը, կամ գուցե ինքը կազմակերպելով տապալումը՝ ցանկանում է գործող համակարգի պահպանման դեպքում 2017 թվականին ՕԵԿ-ի համար խորհրդարանում հնարավորինս մեծ ներկայացվածություն ապահովել, իսկ արդեն 2018 թվականին Արթուր Բաղդասարյանին դարձնել նախագահ:
Չէ՞ որ ինքը հայտարարել է, որ երրորդ անգամ չի առաջադրվելու, թեև, առանց հայտարարելու էլ, Սահմանադրությամբ դա արգելված է: Բայց նա հայտարարել է նաև, որ իր կարծիքով՝ չպետք է մեկ գործիչը երկու անգամից ավելի հավակնի երկրի ղեկին՝ բնականաբար, նկատի ունենալով, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն՝ նման սցենարը ենթադրում է, որ 2018-ին չի առաջադրվում Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմության ինչ-որ հատվածի կողմից Արթուր Բաղդասարյանը հռչակվում է՝ որպես միասնական թեկնածու, և հաղթելով նախագահի ընտրություններում՝ ևս մեկ անգամ հուշագիր է ստորագրում ՀՀԿ-ի հետ՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին: Հասկանալի է, որ գոնե այս պահին Արթուր Բաղդասարյանից ավելի վստահելի գործիչ Սերժ Սարգսյանի համար չկա: Բայց մնալով կոալիցիայում և Անվտանգության խորհրդում՝ նա հազիվ թե կարողանար անգամ 0.1 տոկոս ձայն հավաքել ընտրություններում:
Իսկ այսպես, դեռ բավական ժամանակ կա ռեաբիլիտացվելու համար: Իսկ ով՝ ով, Արթուր Բաղդասարյանը, ինչպես ժողովուրդն է ասում, «լեզվի տակ ոսկոր չունի», և մի քանի ամսում իր հայտնի պոպուլիզմով կարող է բթացնել հասարակության մի մասի հիշողությունը:
Այնպես որ, պետք է առաջիկայում սպասել Արթուր Բաղդասարյանի խրոխտ, սուր քննադատական ելույթներին: Մի քանի ամիս հետո նա կարող է անգամ քննադատել Սերժ Սարգսյանին, ում 2008 թվականին կոալիցիոն հուշագիր ստորագրելուց ընդամենը մեկ ամիս առաջ մեղադրում էր իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: