Ինչ դիրքորոշում կորդեգրի ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի նկատմամբ
«ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնում, և մեխանիկորեն այդ հարցն էլ չի կարող ծագել: ԲՀԿ-ն շարունակում է մնալ ոչ իշխանական ուժ: Ես այդպիսի պայմանից տեղյակ չեմ, և առնվազն զավեշտալի է նման պայման դնելը»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ ԲՀԿ-ն պայման է դրել ՀՀԿ առջև, որ ՕԵԿ-ը կոալիցիա չմտնի:
Թե ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի նկատմամբ՝ հարցին, Մ.Մելքումյանը պատասխանեց, որ դա կախված է ոչ միայն ծրագրի բովանդակությունից, այլև նրանից, թե այդ ծագիրն իրականացնելու նախապայմաններ ստեղծվո՞ւմ են, թե՞ ոչ:
Ըստ նրա` 2012 թ. ծրագրում գրված էին բավականին լավ ցանկություններ, որորք, սակայն, չեն կատարվել. «Մենք ասում ենք` դրանք կատարելու համար պետք են քաղաքական կառուցվածքային բարեփոխումներ, որ հանրային կյանքի վրա ազդի: Կառավարությունը պետք է լինի թափանցիկ, կանխատեսելի, ի դեմս վարչապետի և առանցքային նախարարների՝ լինեն քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունեցող պաշտոնյաներ, և ոչ թե պարզապես գործադիր պաշտոններ: Չլինի քաղաքական մենաշնորհ, երբ տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացման համար քաղաքական միջավայրն ընդունելի պայման է դառնում, նոր այդ ծրագիրը որոշակի դրական ուղղվածություն ունի»:
Մ.Մելքումյանի խոսքով` առաջին քայլերը պետք է լինեն հանրային դժգոհություն առաջանցող բոլոր հարցերն առաջին «բլոկով» լուծելը, ՓՄՁ-ին 3-5 տարով հարկերից ազատելը, ՀՀ-ում դրական ներդրումային միջավայր ապահովելը, հստակ մեխանիզմով 1 տարում 2-3 մլրդ դոլար ներդրում ապահովելը, ԱԱՀ-ն սահմանին գանձելը հետաձգելը. «Վարչապետը որ ասի` ունեմ լիազորություն այդ հարցերը լուծելու, ցույց տան ճանապարհները, թե ինչպես են ծրագիրն իրականացնելու, մենք մեր վերաբերմունքը կասենք»:
Մեր հարցին` եթե այդ նախադրյալները չլինեն, ԲՀԿ դիրքորոշումը կմնա՞ նախկինը, այսինքն` ինչպես նախորդին ծրագրին, այդպես էլ սրան դեմ կքվեարկե՞ք, Մ.Մելքումյանը պատասխանեց. «Եթե նույն շարունակվի, ինչ նախորդ կառավարութունն է արել, իհարկե: Ի՞նչ է փոխվում մեզ համար: Մեր տեսակետն այդ դեպքում կլինի նույնը: Բայց գնահատականներն օբյեկտիվ կտանք, արագ փոփոխվող իրավիճակ է և դժվար թե նրանք գան, նույն բաներն անեն, ինչ նախորդն է արել: Սա տրամաբանական չի լինի»: