«Odnoklssniki.ru»-ի միջոցով երեխաներին պոռնոգրաֆիկ նյութեր է հրամցրել. «Փաստինֆո»
25-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու և անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություներ կատարելու համար: Ընդ որում, այս ամենը կատարվել է վիրտուալ շփումների ձևով` համացանցում, Երեւանում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
1989 թվականին ծնված Արթուրը (անունը փոխված է) Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման այն բանի համար, որ իր տան համակարգչով կապ է հաստատել անչափահաս տղաների հետ և նրանց պոռնոգրաֆիկ տեսանյութեր ուղարկել:
Նախաքննությամբ ու դատաքնությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Արթուրը «odnoklssniki.ru» սոցիալական կայքի, իր ստեղծած, սեռական բնույթի արտահայտություններ պարունակող անհատական էջի միջոցով, սեփական սեռական պահանջմունքների բավարարման դրդումներով այցելել է, գործով անցնող 7-12 տարեկան տղաների անձնական էջեր, նրանց հետ սեռական բնույթի զրույցներ վարել, առաջարկել դիտել մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմեր և նույնիսկ տեսակապի միջոցով նրանց ներկայացրել իր ձեռնաշարժության տեսագրությունը:
Հետաքրքրական է, որ այս հանցագործությունը բացահայտվել է միայն երեխաներից մեկի շնորհիվ, ով իր էջ այցելած տարօրինակ հյուրի մասին հայտնել է հորը: Հայրն էլ, չբացահայտելով իր ով լինելը, երեխայի փոխարեն, նրա անունից շարունակել է շփվել և այդ ընթացքում նաև փաստացի նյութեր ու ապացույցներ հավաքել անառակաբարո այցելուի վերաբերյալ: Իսկ հետո այդ նյութերը հանձնել ոստիկաններին:
Ի դեպ, մյուս երեխաների ծնողներն իրենց երեխաներին այցելած վիրտուալ հյուրի ու նրա անպարկեշտ առաջարկների մասին տեղեկացել են միայն այն բանից հետո, երբ որպես վկա հրավիրվել են ոստիկանություն:
Ինքը` ամբաստանյալ Արթուրն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա նշել է, թե «odnakassnik.ru» կայքով շփվելով երեխաների հետ ու հասկանալով, որ նրանք անչափահասներ են, դադարեցրել է շփումը: Իսկ ինչ վերաբերում է վերջին տղային, ում հոր ջանքերով էլ ինքն, ի դեպ, հայտնվել է դատարանում, ապա ասել է, թե երեխան ինքն է այցելել իր կայքէջ և սեռական բնույթի հարցեր տվել իրեն, ինքն էլ պատասխանել է: Ինչ վերաբերում է իր ձեռնաշարժության տեսագրությանը՝ ամբաստանյալի մոտ հիշողության կորուստ էր նկատվել՝ ասելով, որ այդ մասին, իբր, չի հիշում:
Հետաքրքրական մի հանգամանք ևս. ամբուլատոր դատահոգեբուժական և սեքսոլոգիական հանձնաժողովային փորձաքննությամբ պարզվել է, որ Արթուրը տառապում է «Օրգանական շիզոտիպային խանգարում, իրավիճակով պայմանավորված դեպրեսիվ հակազդում» հոգեկան հիվանդությամբ:
Ամբողջությամբ՝ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: